Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում գործող «Գոյ» թատրոնը չի փակվի, այն կշարունակի ներկայացումներ բեմադրել Սունդուկյանի բեմում: Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցին՝ նշել էկԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է՝ «Գոյ» թատրոնի կոմունալ ծախսերը վճարվում են ակադեմիական թատրոնի բյուջեից, և թատրոնների միավորումը միայն մշակութային կենտրոնները ֆինանսական տեսանկյունից ավելի արդյունավետ կառավարելու նպատակ ունի:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Ես ունեցել եմ հանդիպում «Գոյ» թատրոնի ներկայացուցիչների հետ: Շատ բաց խոսակցություն ենք ունեցել, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները: Ուզում էին, որ անունը լինի, անունը պահպանվում է: Ուզում էին, որ ֆինանսական մասով հասկանան, որ իրենց խաղացանկը կֆինանսավորվի, սրա հետ կապված էլ որևէ խնդիր չունենք: Եվ նաև նոր ծրագրեր ունեն, որոնք պատրաստ ենք իհարկե դիտարկել այս միավորման պարագայում: Բայց կարևոր է, որ մենք ոչ թե կառչենք կազմակերպաիրավական ձևերին, որոնք ոչ մի կապ չունեն մշակութային գործունեության հետ և ավելի շատ կառավարչական ֆունկցիան են, և պետությունը պետք է կարողանա արդյունավետ կառավարման մեթոդ որոշել, իրենք կենտրոնանան իրենց ստեղծագործական գործունեության վրա: Կարծում եմ, որ այնպիսի լուծում կգտնենք, որը կբավարարի բոլոր կողմերին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան