ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով եզդիերեն դասավանդող 5 ուսուցիչ պարգևատրվել է շնորհակալագրերով:
Կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նվիրյալ աշխատանքի համար՝ կոչ անելով անպայման մնալ դպրոցում և շարունակել մանկավարժի իրենց առաքելությունը:
«Սերունդներ կրթելու ձեր օրինակը կարող է վարակիչ լինել ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչների համար, որոնց ևս տրված է իրենց ազգային արժեքները և մշակույթը պահպանելու հնարավորություն»,- ասել է Ա. Սվաջյանը:
Ուսուցիչները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով՝ կրթությունը, առհասարակ, բոլոր ազգերի ողնաշարն է, և Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ եզդիերենը դասավանդվում է պետական դպրոցներում:
Հանդիպման ընթացքում մանկավարժները նախարարի տեղակալին են ուղղել հանրակրթության ոլորտում իրենց հուզող հարցերը: Արաքսիա Սվաջյանը կոչ է արել դիմել կամավոր ատեստավորմանը և այդպիսով՝ հնարավորություն ունենալ հավելավճար ստանալու:
Եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ուղեկցում էր «Եզդիների կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և եզդիաբնակ բնակավայրերը» ՀԿ նախագահ Հասան Թամոյանը: