Արարատյան դաշտի ոռոգման հետ կախված՝ խնդիրը բավականին լուրջ է, մշակաբույսերի փոփոխության է պետք անցնել: ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի՝ կաթիլային ոռոգման մասին հարցին:
«Լուծումներից մեկը Վեդիի ջրամբարն է, որն այս տարի կավարտվի (խմբ. - կառուցումը): 85 մետր է Վեդիի ջրամբարի պատվարի բարձրությունը, որից մոտ 71 մետրը հիմա կա: Այս տարի ամռանը չենք ավարտի, բայց մի քիչ ժամկետային խախտումներով այս տարի կավարտենք, որոշակի կմեղմացնի, բայց, դե, լուծում չէ:
Մեծ ծավալի ոռոգման ցանցերի աշխատանքներ կան, բայց նորից եմ նշում՝ այդ աշխատանքները բավարար չեն եղած այն խնդիրների ու կլիմայական փոփոխությունների հետ, որ ունենք: Կաթիլային համակարգը պետք է գա փրկության»,- ասաց նախարարը:
Գնել Սանոսնյանն անդրադարձավ նաև գյուղապահովագրության ոլորտին՝ ընդգծելով, որ վերջին շրջանում ոլորտում դրական տեղաշարժ կա, ապա հավելեց, որ առայժմ երկու մարզերում են եղել, երկուսում էլ՝ և՛ Արագածոտնում, և՛ Վայոց ձորում, դրական դինամիկան բավականին տպավորիչ էր:
«Ինչո՞ւ էր սկզբից դժվար գնում այս պրոցեսը, իսկ հիմա բավականին մեծ տեմպ կա: Կարծում եմ՝ մեր ազգային բնավորության տարրերից մեկն է. սպասենք տեսնենք` հարևանի հետ ինչ կլինի, հետո նաև մենք կմիանանք այդ ծրագրին:
Ինձ թվում է՝ շատ սպասեցինք, տեսանք, որ հարևանները չեն տուժում, այլ ընդհակառակը, երբ բնությունը բարեհաճ չի լինում, և խնդիրներ են լինում, գոնե ապահովագրության միջոցով իրենց կորուստներն ամբողջությամբ կամ մի մասը վերականգնում են, և այս ուղղությամբ բավական դրական տեղաշարժ կա. հեկտարները, ծավալները, պայմանագրերի քանակը մեծանում են»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: