Ռուսաստանը պատրաստ է Ղազախստանին ավելի էժան գազ վաճառել, քան Բելառուսին: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևը:
«Ռուսաստանը, հասկանալով, որ արդյունավետ աշխատանքը հնարավոր է միայն երկկողմ ռեժիմով, ընդառաջում է գնի հարցում, որը մի քանի անգամ ցածր է եվրոպական գներից և շատ ավելի ցածր է բելառուսականից»,- ասել է նախարարը՝ խոսելով «Գազպրոմի» հետ Ղազախստանի հյուսիսի և արևելքի գազամատակարարման շուրջ բանակցությունների մասին:
Նախարարի խոսքով՝ տեղի են ունեցել «Գազպրոմի» և ղազախական QazaqGaz-ի ղեկավարության մի շարք հանդիպումներ:
«Մենք ունենք պլան, նախնական պայմանավորվածություն գազատարների երթուղու վերաբերյալ, որոնք կստացվեն Ռուսաստանից: Այս գազատարը հնարավոր է շարունակել դեպի Չինաստան, սակայն առայժմ մենք խոսում ենք գազի կարիքների մասին միայն Ղազախստանում»,- նշել է Սատկալիևը:
Ավելի վաղ Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը հանձնարարել էր էներգետիկայի նախարարությանը «Սամրուկ-կազին» պետական հիմնադրամի հետ համատեղ մինչև մայիսի 1-ը վերջնական որոշում պատրաստել երկրի հյուսիսային և արևելյան շրջանների գազիֆիկացման վերաբերյալ: