Թմրամոլությունը և ընդհանրապես կախվածությունների հետ կապված խնդիրն իսկապես աշխարհի բոլոր երկրների օրակարգում ավելի ու ավելի լուրջ տեղ է զբաղեցնում: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Քանի որ սա միակ առողջապահական հարց չէ, և միայն առողջապահության նախարարությունը չի կարող համարժեք քաղաքականություն մշակել և միջոցառումներ կիրառել, վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներգրավված են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ. այս պահին թարմացվում է թմրամոլության դեմ պայքարի ռազմավարությունը»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ դեպքերի հայտնաբերելիության աճ կա, որը մի կողմից վիճակագրությունը վատթարացնում է, բայց մյուս կողմից էլ մեկ այլ հարց կա. «Մենք վերջին տարիներին ամբողջությամբ վերակառուցեցինք մեր Կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը: Այսօր ունենք մի կենտրոն, որը դարձել է հրապուրիչ. այնպիսի մի տեղ է, որտեղ մարդիկ կարող են դիմել, ստանալ անհատական խորհրդատվություն և բուժման ընթացք, և սա մեծացնում է դիմելիությունը»:
Անահիտ Ավանեսյանը կարևորեց դաստիարակչական և իրազեկման աշխատանքները:
«Ակտիվորեն աշխատում ենք ԿԳՄՍՆ-ի հետ, և պետք է դպրոցներից երեխաներին ցույց տալ կախվածությունների քայքայիչ դերը ոչ միայն առողջության, այլև մարդկային կյանքերի առումով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի բավական խիստ քաղաքականություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության նկատմամբ, ինչը, նախարարի կարծիքով՝ տեղին է, և անհրաժեշտ է այդ խստությունը պահպանել նաև հետագայում: