ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է իր «Աշխարհի բնակչությունը 2023» զեկույցը: Այս տարի այն նվիրված է 8 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհում ժողովրդագրական մարտահրավերների ընկալմանը, հնարավոր լուծումներին և քայլերին:
Աշխարհի ժողովրդագրական պատկերն արագորեն փոխվում է.
-
Թեև աշխարհի բնակչությունը դեռ աճում է՝ 2022 թվականի նոյեմբերին հատելով 8 միլիարդի սահմանագիծը, գնալով մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության աճը կանգ է առել կամ նույնիսկ փոխվել է նվազման:
-
Մինչև 2050 թվականն աշխարհի բնակչության կանխատեսվող աճի կեսը բաժին կընկնի ընդամենը ութ երկրի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եգիպտոս, Եթովպիա, Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Ֆիլիպիններ և Տանզանիայի Միացյալ Հանրապետություն)՝ կտրուկ վերադասավորելով աշխարհի ամենաշատ բնակեցված երկրների վարկանիշը:
-
Աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում է ցածր ծնելիություն ունեցող երկրներում, որտեղ ծնելիության գումարային գործակիցը (իր վերարտադրողական կյանքի ընթացքում մեկ կնոջ ունեցած երեխաների միջին թիվը) ցածր է 2.1-ից՝ պարզ վերարտադրության շեմից (երեխաների այն թիվը, որի դեպքում բնակչությունը ո՛չ աճում է, ո՛չ նվազում, այլ պարզապես վերարտադրվում է)։
-
Այդուհանդերձ, 2.1-ը, որպես պարզ վերարտադրության շեմ, ունիվերսալ չէ բոլոր երկրների համար։ Այն կազմում է 2.1, եթե կա նորածինների բնական համամասնություն (102-104 տղա՝ 100 աղջկա դիմաց) և շատ ցածր նորածնային մահացություն։ Մինչդեռ, օրինակ՝ աշխարհի 18 երկրի համար (բոլորն էլ Ենթասահարային Աֆրիկայում են), պարզ վերարտադրության շեմը տատանվում է 2.3-2.65-ի միջև։ Իսկ երկրների մեծամասնության համար շեմը տատանվում է 2.05-2.12-ի միջակայքում։
-
Նորածինների սեռերի անհամամասնությունն ամենաբարձրն է Ադրբեջանում՝ 113 տղա/100 աղջիկ։ Հաջորդում է Չինաստանը՝ 112/100։ 113/100 հարաբերակցության պարագայում, պարզ վերարտադրության շեմին հասնելու համար ծնելիության գումարային գործակիցը պետք է 7-8 տոկոսով ավելի բարձր լինի, քան բնական հարաբերակցության դեպում։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը 2022 թ. կազմել է 111.8/100։
-
Ծնելիության գումարային գործակցի հաշվարկման վրա ազդում է նաև այսպես կոչված «տեմպի էֆեկտը», որը հաշվարկի մեջ ներառում է երեխա ունենալու տարիքի աստիճանական բարձրացումը։ Արդյունքում՝ ճշգրտված ցուցանիշները մի փոքր ավելի բարձր են լինում։
-
Ութ երկրում անցկացված հարցումը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք տեղեկացել են աշխարհի բնակչության մասին ԶԼՄ-ներից կամ մասնակցել են այդ մասին քննարկումների, ավելի հավանական է, որ աշխարհի բնակչությունը համարեն չափազանց շատ:
-
Աշխարհի 8 միլիարդ մարդկանցից մոտ 5,5 միլիարդը բավարար գումար չի վաստակում (օրական մոտ 10 դոլար) ածխածնի արտանետումն էականորեն ավելացնելու համար: Այնպես որ, կլիմայի փոփոխության համար ծնելիությանը մեղադրելը համադրելի չէ ածխածնի ամենամեծ արտանետողների ազդեցության հետ:
-
Ըստ ՄԱԿ-ի վերջին ուսումնասիրության, եթե երկիրը ծերացող է և ցածր ծնելիություն ունի, ապա տնտեսական կայունությանն ավելի շատ նպաստում են աշխատուժում տղամարդկանց և կանանց ավելի հավասար հնարավորությունները, քան կանանց առջև ավելի շատ երեխաներ ունենալու նպատակ դնելը։
-
Այդուհանդերձ, կանանց և աղջիկների 11 տոկոսը չի կարողանում սեփական որոշումը կայացնել հակաբեղմնավորման միջոց օգտագործելու վերաբերյալ, իսկ 24 տոկոսը չի կարողանում «ոչ» ասել անցանկալի սեռական հարաբերությանը։
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է
այստեղ: