Իլհամ Ալիևն Ադրբեջանում ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենին: Ալիևը բարձր է գնահատել երկու երկրի միջև առկա քաղաքական շփումների մակարդակը՝ նշելով, որ երկկողմ օրակարգն ընդլայնվում է։ Նա ընդգծել է, որ իսրայելական ընկերությունները մեծ ներուժ ունեն և կարող են նպաստել Ադրբեջանի տնտեսության զարգացմանը: Քննարկվել է նաև Իսրայելի ածխաջրածնային պաշարների արդյունահանման գործում ադրբեջանական SOCAR-ի մասնակցության հնարավորությունները։
Քոհենն էլ Իսրայելի կառավարության անունից ողջունել է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատուն բացելու նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այդ քայլը կնպաստի ռազմավարական հարաբերությունների հաստատմանը։ Իսրայելցի նախարարը նաև նշել է, որ Իսրայելից Ադրբեջան զբոսաշրջային հոսքն աճել է։ Նրա խոսքով՝ բարձր մակարդակի վրա է նաև ապրանքաշրջանառությունը:
Ալիևը և Քոհենը համաձայնել են, որ իրենց երկրները կարող են զարգացնել գործակցությունը գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, ներդրումների, գիտության, կրթության, մշակույթի և անվտանգության ոլորտներում:
Իսրայելական պատվիրակությունը Բաքվում նաև մասնակցել է Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստին։ Օրակարգում են եղել տնտեսական գործակցության զարգացման հարցեր: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության մասին համաձայնագիր։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ԱՐԴԵՆ 3 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԿԱՐԱՆՏԻՆԸ
Ադրբեջանի նախարարների կաբինետը մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինը: Հատուկ ռեժիմը գործում է 2020 թվականի մարտից, դրա համաձայն՝ Ադրբեջանի ցամաքային սահմաններն արդեն երեք տարի է՝ փակ են։ Միակ բացառությունը Նախիջևանում Թուրքիայի հետ ցամաքային սահմանն է, սակայն այն կարող են հատել միայն Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք ունեն Նախիջևանում բնակության թույլտվություն։
Ավելի վաղ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նաթիկ Ջաֆարլին հայտարարել էր, որ Ադրբեջանն այսօր միակ երկիրն է աշխարհում, որտեղ պաշտոնապես փակ սահմաններ կան։
«ԱՔՔՈՒՅՈՒ» ԱԷԿ-Ը ԿԱՊԱՀՈՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ 10 %-Ը
Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին կմասնակցի Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը, սակայն՝ տեսակապի միջոցով՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ կայանը կապահովի երկրի էներգետիկ ընդհանուր կարիքների 10%-ը։
«Ինչ վերաբերում է երկրորդ ատոմակայանի կառուցմանը, համապատասխան բանակցություններ են ընթանում Չինաստանի և Հարավային Կորեայի հետ»,- հավելել է Էրդողանը։
«Աքքույուն» Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Նախագիծն իրականացվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2010 թվականի կնքված միջկառավարական գործակցության համաձայնագրի հիման վրա։
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ ԱՏՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Եվրոպան կախվածության մեջ է ԱՄՆ-ից։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը շարունակում է կորցնել վստահությունը, և ամբողջ աշխարհն ատում է Միացյալ Նահանգներին: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ստամբուլում երիտասարդության հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններին:
«Թուրքիան փոխում է պատմությունը: Այս ընտրությունները շատ կարևոր են: Այդ իսկ պատճառով էլ Ամերիկան ու Եվրոպան ճնշումներ են գործադրում։ Սա Էրդողանի ընտրությունը չէ, սա Թուրքիայի ապագա սերունդների ընտրությունն է»,- ամփոփել է նախարարը։
ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՓՈԽՏԵՂԱԿԱԼԻՆ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, կողմերը քննարկել են տարածաշրջանում և աշխարհում անվտանգության հետ կապված խնդիրները: Ղարիբաշվիլին ներկայացրել է Հարավային Կովկասում Խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որն ավելի վաղ՝ 2021 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում առաջարկել էր վրացական կողմը։ Ղարիբաշվիլին նշել է, որ այդ ձևաչափը չի զրոյացնի արդեն առկա ձևաչափերը, այլ միայն տարածաշրջանային երկրների համատեղ ջանքերով կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը:
Պաշտոնյաները քննարկել են նաև երկու երկրի ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան։ Անդրադարձ է եղել Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարին:
ՍՈՒԴԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ
Սուդանում 5 օր է՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երկրի կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումները չեն դադարում՝ չնայած ավելի վաղ ամերիկյան միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարին: Մայրաքաղաք Խարթումում պայթյուններ են լսվում: Կողմերն իրար են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ Սուդանում բախումների պատճառով զոհվել է առնվազն 270 մարդ, ավելի քան 2,6 հազարը՝ վիրավորվել։ Տուժածների մեծ մասը քաղաքացիական անձինք են: Բախումների պատճառով տասնյակ հիվանդանոցներ փակվել են: Խափանվել են նաև Սուդանի առողջապահական հաստատություններին ԱՀԿ-ի մատակարարումները: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ բնակիչները ջրի և էլեկտրականության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, սննդամթերքի գներն աճում են: