Ստամբուլում չորեքշաբթի վերսկսել են ապրիլին դադարեցված նավերի ստուգումները Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում, հայտնել են համատեղ համակարգող կենտրոնում:
«ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ բանակցություններից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնել են, որ նոր նավերը մասնակցեն այս նախաձեռնությանը»,-հավելել են կենտրոնից:
Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ արդեն երկու օր է՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակում բեռնանավերը չեն ստուգում: Նա հավելել է, որ համատեղ համակարգող կենտրոնում՝ Թուրքիայի աջակցությամբ, այդ հարցի շուրջ «ակտիվ քննարկումներ են ընթանում Ուկրաինայի, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»: Ստուգումների դադարեցման պատճառը գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն անվանել է «կողմերի համաձայնության բացակայությունը»:
Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնի հարթակում իսկապես դժվարություններ կան նոր նավերի գրանցման և ստուգումների հետ կապված, և դրանց համար, ըստ Զախարովայի, պատասխանատու է ուկրաինական կողմը: