Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարություններին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։
Նախ՝ ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունները ներքին հարցով չեն զբաղվել։ Նկատի ունեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ, և այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։ Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ։
Երկրորդ՝ Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 70 տարուց ավելի, ներքին խնդիր չեն համարվում, քանի որ միջազգային հանրությունը դասեր քաղեց ավերիչ համաշխարհային պատերազմից, և որևէ բռնապետի կամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի չի կարելի թույլ տալ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ: Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների վտանգի առաջ։
Այսպիսով, միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքերը խաղաղ կարգավորման և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։