Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի առաջիկա հանդիպմանը Կիևն Արևմուտքից կխնդրի հակաօդային հրթիռների հրատապ մատակարարումներ՝ մտավախություն ունենալով, որ դրանց սուր պակասը թույլ կտա Ռուսաստանին սկսել զանգվածային ռմբակոծություններ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով նախապատրաստական աշխատանքներին ծանոթ պաշտոնյաներին։
Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը կանցկացվի ուրբաթ՝ Գերմանիայի «Ռամշտայն» ամերիկյան ավիաբազայում։
Միևնույն ժամանակ, Արևմուտքը կարծում է, որ Կիևը ՀՕՊ բավարար միջոցներ ունի իր տարածքը պաշտպանելու համար, և ոչ մի վտանգ չի տեսնում, որ Ուկրաինան կկորցնի օդային գերակայությունը, նշում է Financial Times-ը։
Ավելի վաղ Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակությունը, վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, հայտնել էր, որ Ուկրաինան կարող է «Բուկ» զենիթահրթիռային համակարգերի հրթիռներից զրկվել մինչև ապրիլի 13-ը, իսկ մինչև մայիսի 3-ը կարող են սպառվել նաև Ս-300 համակարգերի հրթիռները: Դրա հետ կապված՝ շուրջ 40 կրիտիկական օբյեկտներ կմնան առանց ՀՕՊ համակարգերի պաշտպանության։