«Հայրենասեր միլիոնատերեր» շարժման ակտիվիստները, որոնք ներառում են Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանցից շատերին, երեքշաբթի հավաքվել են Կոնգրեսի մոտ և օրենսդիրներին խնդրել են բարձրացնել հարուստ անհատների հարկերը, գրում է MarketWatch-ը:
Շարժման ղեկավար Մորիս Փերլը քննադատել է ներկա հարկային համակարգը և այն «անհեթեթ» գաղափարը, թե հարուստների համար հարկերի կրճատումը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և դրական կազդի մյուսների վրա: «Սա տնտեսական մանիպուլյացիա է, և Ամերիկան վճարում է դրա գինը»,- ասել է նա։
«Հայրենասեր միլիոնատերեր» շարժումն առաջարկում է ներդնել առաջադեմ հարկային համակարգ և սահմանել 90 տոկոս եկամտային հարկ տարեկան ավելի քան 100 մլն դոլար եկամուտ ունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաև հավասարապես հարկել 1 միլիոն դոլարից ավելի բոլոր եկամուտները՝ անկախ դրանց բնույթից՝ լինի կապիտալ շահույթ, ժառանգություն, թե աշխատավարձ։ Ակտիվիստների կարծիքով՝ այդ միջոցները կօգնեն կանխելու հասարակական անկարգությունները, որոնք կարող են սկսվել սոցիալական անհավասարության խորացման ֆոնին:
Շարժումն ավելի քան 10 տարի է՝ ինչ պահանջում է բարձրացնել մեծահարուստների հարկերը։