ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ՀՈԳԱՆ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատարն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակին, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը: Տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները, Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում նշել է Դերեկ Հոգանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին:
ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ Է
Իսրայելի ԱԳ նախարարն արդեն Ադրբեջանում է: Բաքու մեկնելուց առաջ Էլի Քոհենը հայտարարել է, որ իր այցի նպատակն է շարունակել Ադրբեջանի հետ միասին կառուցել միասնական և վճռական ճակատ` համատեղ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի, պաշտպանության, էներգետիկայի և ինովացիայի ոլոտներում:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ Իրանին սահմանակից լինելը, այդ երկրի հետ հարաբերությունները, դարձնում է շատ կարևոր Իսրայելի համար և այդ հարաբերությունները մեծ ներուժ ունեն:
Իսրայելի ԱԳ նախարարի այցը կտևի երեք օր։ The Times of Israel-ը հայտնում է, որ Քոենը վաղը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նաև՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Էլի Քոհենի հետ Ադրբեջան են մեկնել իսրայելական 20 ընկերության պատվիրակություններ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ կիբերանվտանգություն, ներքին անվտանգություն, գյուղատնտեսություն և այլն:
Նախատեսվում է, որ Քոհենը կհանդիպի նաև տեղի հրեական համայնքի հետ:
ԻՐԱՆԻ ԶՈՒ-Ն՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՆ. ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Իրանի զինված ուժերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործոն է, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Բանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ:
«Մեր զինված ուժերի հզոր ձեռքը ջերմորեն սեղմում է տարածաշրջանում ցանկացած ձեռք, որը ցանկանում է պահպանել տարածաշրջանային անվտանգությունը», - նշել է Իրանի նախագահը:
Ռայիսին ընդգծել է, որ իր երկրի թշնամիները, հատկապես Իսրայելը, ստացել են հաղորդագրությունը, որ Իրանի դեմ ամենափոքր գործողությունը կունենա կոշտ պատասխան:
Բանակի օրվա առթիվ Իրանի բանակի ստորաբաժանումները ներկայացրել են առաջադեմ սպառազինության լայն տեսականի` սեփական արտադրության հրթիռներ, տանկեր, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ռադիոտեղորոշիչ և հակաօդային պաշտպանության համակարգեր:
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ Է
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը 2011 թվականից ի վեր առաջին անգամ Սիրիայում է: Պաշտոնական այցի ընթացքում Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերականգնմանն առնչվող հարցեր: Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադն էր այցելել էր Սաուդյան Արաբիա։
ՍՈՒԴԱՆՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Սուդանի զինված ուժերը հայտարարել են իրենց հետ հակամարտող «Արագ արձագանքման ուժերի» հետ 24-ժամյա հրադադարի ռեժիմ հաստատելու պայմանավորվածության մասին: Սուդանի բանակի գեներալ Շամս ադ Դին Քաբաշին հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ է մտել այսօր երեկոյան: Ավելի վաղ Սուդանի «Արագ արձագանքման ուժերի» հրամանատարը նույնպես հայտարարել էր, որ համաձայն է այս նախաձեռնությանը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Սուդանի մայրաքաղաքում գնդակոծության տակ են հայտնվել ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների ավտոմեքենաները։ Նաև հաղորդագրություններ են ստացվել Սուդանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարի վրա հարձակման և Նորվեգիայի դեսպանի տան գնդակոծության մասին։
Ըստ նախնական տվյալների՝ Սուդանում արդեն մի քանի օր շարունակվող բախումների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է մոտ 185-ի, վիրավորներինը՝ 1800-ի:
Սուդանի Զինված ուժերը և Արագ արձագանքման ուժերը տարաձայնություններ ունեն հատուկ ուժերին երկրի բանակում ինտեգրելու և բանակի գլխավոր հրամանատար ընտրելու հետ կապված: Արագ արձագանքման ուժերը նաև պնդում են, որ երկիրը չեն կարող ղեկավարել զինվորականները:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԹՂԹԱԿԻՑԸ ՌԴ-ՈՒՄ ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը կմնա կալանքի տակ: Մոսկվայի դատարանը մերժել է թղթակցին մինչև դատավարությունը կալանքից ազատելու միջնորդությունը. լրագրողը կմնա կալանքի տակ։ Լրագրող Էվան Գերշկովիչին ռուսական իշխանությունները մեղադրում են լրտեսության համար։ Գերշկովիչը ձերբակալվել էր մարտի վերջին Եկատերինբուրգում։
The Wall Street Journal հանդեսը կտրականապես հերքել է իր թղթակցին վերագրվող արարքը և պահանջել է ազատել նրան: Գերշկովիչը մինչև մայիսի 29-ը կպահվի Լեֆորտովոյի նախաքննական մեկուսարանում: Ավելի քան չորս տասնյակ երկրներ համատեղ ուղերձ են ստորագրել՝ պահանջելով ազատ արձակել Էվան Գերշկովիչին։