Յոթի խմբի երկրների արտաքին գործերի նախարարները Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում ապրիլի 16-18-ը տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություն են ընդունել:
ԱԳ նախարարները հանդես են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու օգտին: Նրանք պայմանավորվել են անել հնարավորը, որ Մոսկվան չկարողանա խուսափել կամ շրջանցել պատժամիջոցները: Նախարարները պարտավորվել են ընդլայնել համագործակցությունը՝ երրորդ երկրներից ՌԴ-ին ռազմական օգնության մատակարարումները կանխելու նպատակով։
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել նաև Չինաստանի հետ երկխոսության և Թայվանի նեղուցում խաղաղության օգտին: Նրանք մտահոգություն են հայտնել Հարավչինական և Արևելաչինական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ դեմ արտահայտվելով «ստատուս քվոն ուժով փոխելու միակողմանի փորձերին»։ G7-ի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով իրենց դիրքորոշումը «մեկ Չինաստանի» քաղաքականության վերաբերյալ:
Նախարարները հանդես են եկել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման օգտին: