1000 և ավելի մեղվափեթակ՝ Հայաստանի համայնքներին: ՄԱԿ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում մեկնարկել է «HONEY-MONEY» նախագիծը, որին կարող են մասնակցել Հայաստանի յոթ մարզերի 18-50 տարեկան կանայք։
Արման Վալեսյան («Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար) - Փեթակ չունեցող մարդկանց տրամադրվում է մինչև երկու փեթակ, 10-30-ը տրամադրվում է մինչև 4 փեթակ ունեցողներին, իսկ 30-ից ավելի փեթակ ունեցողներին տրամադրվում է մեկ փեթակ:
Նախապատվությունը տրվում է սահմանամերձ բնակավայրերին: Պոլիուրեթանային մեղվափեթակները փայտե փեթակների համեմատությամբ ավելի թեթև են, ջերմակայուն և տարվա մեջ կարող են մինչև 15-25 կգ մեղր տալ, վստահեցնում են ծրագրի ղեկավարները, հավելում՝ սա միջոց է` աջակցելու նորաստեղծ կամ արդեն փորձառու բիզնեսներին:
Արման Վալեսյան - Իրականում մարզերում շատ հին փեթակներից են օգտվում, ու շատ դեպքերում արդյունավետությունը նվազում է, որովհետև էդ փեթակները իրենց մեջ տարբեր հիվանդություններ են ժամանակի ընթացքում ձեռք բերում, որն ազդում է նաև թե մեղվի, թե մեղրի վրա:
Նախքան փեթակների տրամադրումը շահառուները մասնակցում են դասընթացների, ստանում մեղվապահության մասին գիտելիքներ, որի ավարտից հետո քննություն են հանձնում: Առավել բարձր միավոր հավաքածները կարիքի գնահատումից հետո արդեն ձեռք են բերում մեղվափեթակները: Ծրագրի համակարգողներն ընդգծում են՝ իրենց նպատակը այս պարագայում ոչ թե մեղվապահության ոլորտի զարգացումն է, այլ աղքատության նվազեցումն ու համայնքներում գործող տնտեսություններին աջակցությունը:
Սուսաննա Բագրատունի («Հետկոնֆլիկտային աջակցություն Հայաստանի ավելի խոցելի խմբերին և համայնքներին» ծրագրի համակարգող)- Իհարկե, հաշվի ենք առել նաև, թե ինչ խմբերից են սոցիալական՝ կարիքավոր, տեղահանված, զոհվածի ընտանիք, հաշմանդամություն ունեցող: Այդ մարդիկ այս տարի ևս կստանան մեղվափեթակներ: Դուք տեսնում եք՝ ինչ շատ են այստեղ, մոտ հազարից ավելի: Եվ կստանան արտահագուստ, ձեռնոցներն իմ ձեռքին են, կլինեն գործիքներ, և կա մեղվապահի հագուստը:
Ի դեպ, եթե նախորդ տարի մեղվափեթակները ներկրվել էին Ռուսաստանից, այս տարի դրանք ձեռք են բերվել տեղական արտադրողից:
«HONEY-MONEY» նախագիծը մեկնարկել է անցած տարի: Մոտ 500 մեղվափեթակ էր տրամադրվել Գեղարքունիքի և Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի 100-ից ավելի շահառուների: Օրեր առաջ էլ իրենց բաժին փեթակներն են ստացել այս տարի առաջինը դասընթացը հաջողությամբ ավարտած սյունեցի շահառուները. նրանց տրամադրվել է 240 մեղվափեթակ:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան