«Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական փուլի սկիզբը ազդարարվեց Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի հետ հանդիպմամբ: Դպրոցականները վարպետության դաս ստացան, անձամբ մաեստրոյից լսեցին նրա ստեղծագործական ուղու մասին, որտեղ, երգից բացի, կինո էլ կա: Տղաներից մեկի առաջարկով իրար հետ երգեցին «Եռանկյունի» ֆիլմում նրա կատարած ստեղծագործությունը:
Ծրագիրը մեկնարկում է Երևանից: Մարզերից առաջինը կլինի Արմավիրը: Վաղարշապատի դպրոցների երեխաները ապրիլի 26-ին կհանդիպեն Ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: «Քո արվեստը դպրոցում» նախագիծն իրականացվում է չորրորդ տարին, արդեն երկրորդ տարին է՝ այն կազմակերպում է Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը:
Աննա Կարապետյան («Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն) - Ծրագրին մասնակցում են 50 արվեստագետներ տարբեր ոլորտի՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում՝ Տավուշից Սյունիք, Սյունիքից մինչև Լոռի և բոլոր համայնքներում: Երեխաները ոչ միայն հնարավորություն են ունենում մասնակցելու դասախոսությունների, այլ նաև բացահայտելու արվեստի ճյուղերը վարագույրից այն կողմ:
Ծրագիրը 8-10-րդ դասարանցիների համար է: Նախատեսվում է, որ այս տարի միջոցառումներին կմասնակցի 4 հազար երեխա՝ 450 դպրոցից: Թեմայով հետաքրքրված երեխաների հետ հանդիպումներն անցկացվում են որևէ մշակութային կենտրոնում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց՝ ծրագիրը ոչ միայն գիտելիք ու մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է տալիս, այլև անչափ կարևոր արժեքային դաստիարակություն:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Եվ կարծում եմ` այս բոլոր իմաստներով կարևոր ծրագրից դուք կարող եք միայն շահել, եթե այդպես եք տրամադրված: Հուսով եմ, որ եթե այսօր այստեղ եք, ուրեմն նաև տրամադրված եք, որ էստեղից գնալու եք ձեր հարցերի պատասխանները մասամբ գուցե գտած, նաև նոր հարցեր ձևակերպած, որոնք վերադառնալու եք և տալու եք նոր բանախոսներին և միասին փորձելու եք գտնել նաև դրանց պատասխանները:
8-րդ դասարանցի Սերգեյ Խաչատրյանը ծագրին մասնակցում է առաջին անգամ: Ռուբեն Մաթևոսյանի գործունեությանը հետևում է: Դա նրան դուր է գալիս: Ու երբ իմացել է երգչի հետ հանդիպելու հնարավորության մասին, մասնակցելու ցանկություն է հայտնել:
Սերգեյ Խաչատրյան (Երևանի համար 141 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ) - Դուրս շատ եկավ, շատ լավ ծրագիր է: Կուզեի ևս մեկ անգամ մասնակցել:
«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում անցկացված հանդիպումները տեսանկարահանվում են, հեռարձակվում, այդպիսով հասանելի դառնում նաև դրանց չմասնակցած երեխաների համար:
Հեղինակ` Աննա Զախարյան