ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ Է
Իսրայելի ԱԳ նախարարն արդեն Ադրբեջանում է: Բաքու մեկնելուց առաջ Էլի Քոհենը հայտարարել է, որ իր այցի նպատակն է շարունակել Ադրբեջանի հետ միասին կառուցել միասնական և վճռական ճակատ` համատեղ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի, պաշտպանության, էներգետիկայի և ինովացիայի ոլոտներում: Նրա խոսքով՝ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ Իրանին սահմանակից լինելը, այդ երկրի հետ հարաբերությունները դարձնում է շատ կարևոր Իսրայելի համար, և այդ հարաբերությունները մեծ ներուժ ունեն:
Իսրայելի ԱԳ նախարարի այցը կտևի երեք օր։ The Times of Israel-ը հայտնում է, որ Քոենը վաղը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նաև՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Էլի Քոհենի հետ Ադրբեջան են մեկնել իսրայելական 20 ընկերության պատվիրակություններ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ կիբեռանվտանգություն, ներքին անվտանգություն, գյուղատնտեսություն և այլն: Նախատեսվում է, որ Քոհենը կհանդիպի նաև տեղի հրեական համայնքի հետ:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ղազախստանի իր պաշտոնակցի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան: Այցի շրջանակներում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՌԴ-Ն ՓԱՐԻԶԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան Փարիզից դեռ ոչինչ չի ստացել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղության ծրագրի վերաբերյալ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ տեղյակ չեն նման նախաձեռնության գոյության մասին: Այսօր Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր խորհրդական Էմանուել Բոնին հանձնարարել է աշխատել Չինաստանի կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Յիի հետ՝ մշակելու ծրագիր, որը կարող է հիմք ծառայել Ռուսաստան-Ուկրաինա ապագա բանակցությունների համար: Ըստ հրապարակման, Ֆրանսիայի ռազմավարությունը նախատեսում է, որ, բարենպաստ ելքի դեպքում, բանակցությունները կսկսվեն արդեն այս ամառ։
ԿՈՄՅՈՒՆԻԿԵՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԵԿԻՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ. ՉԺՀ ԱԳՆ
Յոթի խմբի արտգործնախարարների հանդիպման կոմյունիկեն կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին և չարամտորեն արատավորում է երկրի համբավը՝ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը: G7-ի գագաթնաժողովի շրջանակում նախարարների եռօրյա հանդիպումների առանցքում է եղել Չինաստանի կողմից Թայվանի վրա շարունակվող ճնշումների թեման:
Արտգործնախարարները քննադատել են Չինաստանի գործողությունները: Գլխավոր դիվանագետները Ճապոնիայում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել նաև Չինաստանի միջուկային զինանոցի ընդլայնման կապակցությամբ և Պեկինին կոչ են արել բանակցել ԱՄՆ-ի հետ ռազմավարական ռիսկերը նվազեցնելու շուրջ:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ՉԺՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները: Ռուսաստանի և Չինաստանի գործակցությունը կայունացնող ազդեցություն ունի աշխարհում և օգնում է նվազեցնել լարվածությունը՝ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերգեյ Շոյգուն: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համակարգում են իրենց գործողությունները համատեղ ծովային և օդային պարեկության, զորավարժությունների նախապատրաստման ուղղությամբ ինչպես երկկողման, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Կողմերը վստահություն են հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի ռուս-չինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և հնարավորություն կտա անկեղծորեն քննարկել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրներ: