Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ այսօրվանից մեկնարկեցին օրենսդրական բարեփոխումների նոր փաթեթի վերաբերյալ հանրային քննարկումները, որոնք միտված են դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, դատավորների գերծանրաբեռնվածության թոթափմանն ու երկրում արդարադատության որակի բարձրացմանը։
ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ այսօր, ի թիվս այլնի, քննարկման մասնակիցներն անդրադարձան վարչական դատարանից և վարչական դատավարության օրենսգրքից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված վարույթների թոթափմանն ու վճարման կարգադրությունները և պարզեցված վարույթները նոտարներին փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերին։
Օրենսդրական բարեփոխումներին նվիրված քննարկումներին հրավիրված էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձինք։
ԲԴԽ-ից հավելում են, որ բարեփոխումներին ուղղված քննարկումները շարունակական են լինելու: