ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատարն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակին, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը: Տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները՝ Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում նշել է Դերեկ Հոգանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին:
ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Այսօր Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը մեկնում է Բաքու՝ մասնակցելու ադրբեջանա-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Իսրայելի ԱԳՆ-ից հայտնել են, որ այցի նպատակը տնտեսական համագործակցության վերաբերյալ խորհրդատվությունների անցկացումն է, որին մեծ պատվիրակություն է մասնակցելու։
Մարտի 29-ին Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը Թեհրանի կողմից բացասաբար էր ընկալվել և քննադատությունների պատճառ դարձել: Իրանը բազմիցս հորդորել է Բաքվին հրաժարվել Իսրայելի հետ հարաբերությունների խորացման ու ամրապնդման գաղափարից:
Երեկ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդրահարույց գործոններ կան, որոնցից մեկը Իսրայելն է: Նասեր Քանանիի խոսքով՝ Իսրայելը փորձում է պառակտում և անկայունություն սերմանել ոչ միայն Թեհրանի և Բաքվի միջև, այլև ողջ իսլամական աշխարհում:
ՅՈԹԻ ԽՄԲԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
G7-ի արտգործնախարարները ողջունել են Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Համատեղ հայտարարության մեջ նախարարները հանդես են եկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման օգտին։ Արտաքին գործերի նախարարներն ընդգծել են, որ հաշվի են առել Իրանի հայտարարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կողմից ստուգումների և մոնիթորինգի իրականացումը թույլատրելու վերաբերյալ, ինչպես նաև Թեհրանի պատրաստակամությունը երեք միջուկային օբյեկտներ մուտք տրամադրելու մասին։
ՊՈՒՏԻՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԵՐՍՈՆ ԵՎ ԼՈՒԳԱՆՍԿ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Խերսոնի և Լուգանսկի շրջանների ռազմական շտաբներ: Պուտինը Խերսոնի մարզում մասնակցել է ռազմական հրամանատարության հետ հանդիպմանը, որտեղ նրան ներկայացրել են Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ստեղծված իրավիճակի մասին հաշվետվությունները: ՌԴ նախագահը նաև շնորհավորել է զինծառայողներին Զատկի տոնի կապակցությամբ և նրանց նվիրել սրբապատկեր, որը, Պուտինի խոսքով, պատկանել է «Ռուսական կայսրության ամենահաջողակ պաշտպանության նախարարներից մեկին»: Պուտինն այնուհետև ուղղաթիռով մեկնել է Լուգանսկի Ազգային գվարդիայի «Վոստոկ» շտաբ՝ ծանոթացել այնտեղ տիրող ռազմական իրադրությանը:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ԱՇՆԱՆԸ. ՄԱԿՐՈՆ
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումը ուժի մեջ կմտնի աշնանը՝ հեռուստաուղերձում ասել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ հիշեցնելով, որ ուրբաթ օրը Սահմանադրական խորհուրդն օրինական է ճանաչել կենսաթոշակային բարեփոխումները: Մակրոնը նշել է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են կօգնեն «երաշխավորել բոլորի կենսաթոշակը և ավելի շատ օգուտներ կստեղծի պետության համար։
Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ իշխանությունները և արհմիությունները չեն կարողացել համաձայնության գալ կենսաթոշակային համակարգի բարեփոխման շուրջ։ «Չնայած ամիսներ տևած բանակցություններին, կոնսենսուս ձեռք չի բերվել»,- ասել է Մակրոնը։ Նրա ելույթից հետո ֆրանսիացիները կրկին փողոց են դուրս եկել, Փարիզի քաղաքապետարանի դիմաց անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարները նշել են, որ Էմանուել Մակրոնի հետ երկխոսել այլևս հնարավոր չէ։