Երևան համայնքին Կառավարության հատկացրած ավելի քան 10 միլիարդ դրամը կուղղվի կապիտալ ծախսերին՝ ավագանու հերթական նիստում հայտարարել է քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանը: Այդ գումարով կհիմնանորոգվեն մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, կբարեկարգվեն այգիներ:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կկառուցվեն շատրվաններ, և կբարեկարգվի շրջակա տարածքը: Նոր Խարբերդ թաղամասում 250 տուն կունենա գազամատակարարում. առաջին փուլով նախատեսվում է կառուցել 10,6 կմ երկարությամբ գազատար, նաև՝ գազաբաշխիչ կայան: Բազմաբնակարանների շահագործման ոչ պիտանի 473 վերելակ կփոխարինվեն նորերով: Թիվը հնարավոր է ավելանա արդեն համայնքի միջոցների հաշվին:
ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երևանի քաղաքապետի առաջին տեղեկալ, քաղաքապետի պաշտոնակատար) - Նախևառաջ 4,7 միլիարդ տրամադրվել է Երևան քաղաքի բազմաբնակարան վերելակների փոխարինման մասով: Ընդհանուր առմամբ 25 և ավելի տարի շահագործվող վերելակների քանակը 4239 է: Այս պահի դրությամբ մենք արդեն իսկ փոխարինել ենք 1041 վերելակ: