Ավելի քան 53 անձ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, անցնում են պետական դավաճանության գործերով: Այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է պետական դավաճանությունը։ Այն է, որ մարդիկ իրենց դիրքերի տեղերը փողի դիմաց փոխանցել են հակառակորդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Պատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկը եկել է իմ աշխատասենյակ ու ասել՝ բարձրաստիճան սպաներից մեկը զորքի մեջ խուճապ է տարածում՝ ասելով, որ վարչապետը «հողերը տվել է, անիմաստ է կռվելը: Վերջերս էլ լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ առիթով քրեական գործ է հարուցվել, ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի»,- նշեց նա:
Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին՝ Փաշինյանն ասաց, որ դատաիրավական համակարգում գործընթացները դանդաղ, բայց ընթանում են:
«Մեր նպատակը, իրոք, անկախ դատական համակարգ ունենալն է: Սրա մեջ բացարձակ ձև, կեղծավորություն չկա: Իմ գնահատականն այն է, որ մենք շարժվում ենք դեպի դա, ընդ որում՝ ցավոտ կերպով, որովհետև շատ դեպքերում հանրությունն էլ մեզ չի հասկանում, ասում է՝ փոխանակ թոշակ բարձրացնենք, դատավորի աշխատավա՞րձ եք բարձրացնում: Բայց իմ համոզմունքը եղել է ու շարունակում է մնալ հետևյալը՝ մենք դատավորների, իրավապահ համակարգի աշխատավարձը բարձրացնում ենք առաջին հերթին հանուն քաղաքացիների»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը նաև վստահեցրեց, որ անկեղծ շարունակում են պայքարը կոռուպցիայի դեմ. առաջին հերթին ինստիտուցիոնալ մեխանիզմներով:
«Մենք պետք է քաղաքական, իրավական, օրենսդրական մեթոդներով կոռուպցիայի դեմ պայքարենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: