Մեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի 70 տոկոսից ոչ պակաս: Խոսքը ոչ թե դիմապակու, այլ մեքենաների առջևի դռների ապակիների մասին է: Սա Հայաստանի կառավարության 2005 թվականի որոշումն է, որի պահանջները խախտելը նախատեսում է քսանհինգ հազար դրամ տուգանք: Այս հարցին վերջերս անդրադարձավ պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Բարձրաձայնում եմ, որովհետև ոչ միայն վարորդների վատ վարելն է պատճառը վթարների, որոնք բերում են մահվան ելքեր, այլև էդ վարորդների միջավայրը: Ու էդ միջավայրի կոմպոնենտ ա նաև մեքենայից դուրս և նաև դրսից դեպի մեքենայի մեջ տեսանելիությունը:
Հետին տեսանելիության 2 կողային հայելիների առկայության դեպքում հետևի դռների և մյուս բոլոր ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Բայց, պատգամավորի պնդմամբ, մեր երկրում մեքենաների ճնշող մեծամասնության դիմացի դռների ապակիները մգեցված են:
Արսեն Թորոսյան - Ամենահետաքրքիրը որն ա. որ մեր բազմաթիվ վարորդներ, լինելով Հայաստանի դուրս, իրենք համոզվել են, որ հենց էդպես ա նաև ամբողջ աշխարհում: Ամենամոտիկը ասեմ. Վրաստան գնալուց բոլոր վարորդները իրար զգուշացնում են, որ պլյոնկեքը կպոկեք, նոր կգնաք, կամ ով չի պոկում, պոկած հետ ա գալիս: Իսկ ինչի՞ պիտի մեր երկիրը, մեր իսկ օրենքներով, որոնք վաղուց գործում են, էդ ամեն ինչը չապահովի: Ու նորից եմ կրկնում՝ ՌԴ, եվրոպական երկրներ, ԱՄՆ, Կանադա ու ամբողջ աշխարհում, ու տոկոսները գրեթե ամեն տեղ նույնն են, որովհետև դա ապացուցված է, որ 70 տոկոս լուսաթափանցելիություն կա, վարորդի տեսադաշտն այնքան լավ է, որ նա չտեսնելու պատճառով վթարի չի ենթարկվում:
Բացի դրանից՝ հնարավոր կլինի նաև վարորդին ավելի հեշտ վերահսկել, որ ամրագոտին կապած լինի, ղեկին չծխի կամ հեռախոսով չխոսի: Կարգավորումները վաղուց գործում են, սակայն, Թորոսյանի պնդմամբ, ոստիկանությունը ուշադրություն է դարձնում միայն դիմապակուն:
Արսեն Թորոսյան - ՆԳ նախարարին էի դիմել՝ ներկայացնելով օրենքները, որոնք պետք է կիրառվեն: Ոստիկանությունը ի վերջո ընդունեց, որ էդ ամեն ինչը կա, բայց նաև ասաց, որ չափիչ սարքեր չունեն բավարար քանակի, չնայած քառասունքանի հատ կար, որը, կարծում եմ, էլի բավարար թիվ է, ու եթե էդ 40-ը ամեն օր օգտագործվի, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մեքենաներ կձերբազատվեն էդ պլյոնկաներից:
Թորոսյանին պատասխան գրությունում նախարարը պարզաբանել է՝ 48 սարքից բացի 59-ը անսարք վիճակում են, 343 սարք էլ նոր են ձեռք բերվել և ապրիլի 10-ի դրությամբ պետք է ստուգաչափված լինեին: Պատասխանում նաև վիճակագրություն կա. 2021-ին ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար 699 արձանագրություն է կազմվել, 2022-ին՝ 680: Օրենքով թույլատրվում է տեղում շտկել խախտումը և չտուգանվել: Այսինքն՝ եթե վարորդը պարեկային ծառայողի կամ ճանապարհային ոստիկանի ներկայությամբ տեղում պոկի թաղանթը, չի տուգանվի: ՆԳՆ-ից մեկնաբանություն չտվեցին, Արսեն Թորոսյանն էլ, իր հերթին, նշեց՝ հետևողական է լինելու, որ վերահսկողությունը պատշաճ իրականացվի: