Հայաստանում բացվել է ոռոգման սեզոնը: Եթե ժամանակին սեզոնի մեկնարկը համարվում էր ապրիլի վերջին տասնօրյակը կամ մայիսը, հիմա, հաշվի առնելով, որ կան նոր մշակաբույսեր, ջերմոցային տնտեսություններ, Արարատյան դաշտում, օրինակ, փետրվարից ջուր է մատակարարվում:
Վահագն Գևորգյան (ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ) - 15 Ջրօգտագործողները ներկայացրել են հայտեր, թե ըստ մշակաբույսերի և ըստ հողատարածքների իրենց ինչքան ջուր է անհրաժեշտ: Ամփոփելով «Հիդրոմետի» տեղեկատվությունը «Ջրառ ընկերության» կողմից՝ մենք կունենանք հստակ պատկեր՝ ըստ իռիգացիոն համակարգերի՝ որտեղ, ինչքան ջրի պաշարներ ունենք ամբարած և ինչքանով կարող ենք հայտերը բավարարել ՋՕ-երի կողմից ներկայացված:
Ջրամբարների լցվածությունն այս պահին 20 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վահագն Գևորգյանի խոսքով՝ չնայած 2022-ի երաշտին, իրենց հաջողվեց «Ջրառ» ընկերության հետ աշխատանքը ճիշտ կանոնակարգելով՝ առանց մեծ ցնցումների ամբողջ հանրապետությունում իրականացնել ոռոգում:
Վահագն Գևորգյան - 5 ծրագիր, 50 միջոցառում, 43 մլրդ կատարողական ենք ունեցել. 38 մլրդ, ինչը կազմում է 99 տոկոս: Կապիտալ շինարարության մասով ունեցել ենք 99 տոկոս կատարողական: Նախորդ տարի առաջին անգամ ՋՕ-երի պատմության մեջ ունեցել ենք աննախադեպ հավաքագրում՝ 4,6 մլրդ դրամ:
Հաշվի առնելով կլիմայական գլոբալ փոփոխությունները՝ ըստ Գևորգյանի՝ ջրի խնդրի լուծումը աստիճանաբար անցումն է ինտենսիվ այգիներին ու կաթիլային ոռոգմանը: 15 ՋՕ-երի սպասարկման տարածքում ոռոգելի է 90 հազար 300 հեկտար հողատարածք:
Վահագն Գևորգյան - Իհարկե կան տարածքներ, որոնք ջրի անհասանելիության պատճառով չեն ոռոգվում, դրանով է պայմանավորված Կառավարության առաջիկա աննախադեպ ծրագիրը՝ 15 ջրամբարի կառուցումը և 31 օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցումը:
15-ից 6-ի նախագծման մրցույթներն իրականացվել են, տարեվերջին կսկսվի երկուսի՝ Արգիճի, Աստղաձորի ջրամբարների շինարարությունը: Անցկացվել են նաև կարգավորիչ 31 փոքր ջրամբարների նախագծային մրցույթները, շինաշխատանքները նախատեսվում են մինչև տարեվերջ: Բացի դրանից՝ մինչև տարեվերջ կավարտվի Վեդիի ջրամբարի կառուցումը, իսկ Կապսի ջրամբարի շինարարությունը կմեկնարկի մայիսի 17-ին: Քննարկվում է նաև Սելավ Մաստարայի և Եղվարդի ջրամբարների կառուցման հարցը: Ջրային կոմիտեի ղեկավարի խոսքով՝ 15 ջրամբարի կառուցմամբ չեն սահմանափակվելու: Հնարավոր տեղանքի ու հիդրոլոգիայի բավարար պայմանների առկայության դեպքում կդիտարկվեն ջրամբարների կառուցման այլ տարբերակներ: Ինչ վերաբերում է Սևանա լճից ջրառին՝ 2022-ին բաց է թողնվել նախատեսվածից 5 միլիոն խորանարդ մետր քիչ՝ 165 միլիոն խորանարդ մետր ջուր:
Վահագն Գևորգյան - Ուրախությամբ պետք է ասեմ, որ 2022-ին ավարտվել են Արփա-Սևան հիդրոհանգույցի շինաշխատանքները, և ապրիլի 3-ից Արփա-Սևան հիդրոկասկադով Սևան ջուր է մատակարարվում:
Ոռոգման համակարգի բարելավման աշխատանքներն իրականացվում են նաև սուբվենցիոն ծրագրերով: Ջրային կոմիտեի ղեկավարի խոսքով՝ մշակել և Կառավարություն են ներկայացրել խմելու, ոռոգման և կոյաջրերի մաքրման վերաբերյալ հայեցակարգեր: Դրանց հիման վրա ու նաև միջազգային գործընկերների ներգրավմամբ առաջին անգամ կմշակվի ոլորտի մեկ միասնական ռազմավարություն: