Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Ֆեյսալ Բին Ֆարհանը հանդես է եկել Սիրիայի ամբողջ տարածքում մարդասիրական օգնություն հասցնելու համար պայմաններ ստեղծելու օգտին:
Սիրիական SANA գործակալությունն էլ հայտնում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հարաբերություններն արաբական այլ երկրների հետ: Նրանք ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն երկու երկրների համար, այլև արտացոլում են արաբական աշխարհի և տարածաշրջանի շահերը:
Ասադը կարծիք է հայտնել, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ավելի անհրաժեշտ են դարձնում արաբական երկրների համագործակցությունը: