Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը այսօր աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քոենը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների հետ: Կքննարկվեն երկու երկրների ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերները անվտանգության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում:
Նշվում է, որ Իսրայելի պատվիրակության կազմում են նաև 20 ընկերությունների ներկայացուցիչներ:
Ավելի վաղ Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանության բացումն Իրանի քննադատությունների պատճառ էր դարձել: Իրանը հորդորել է Բաքվին՝ հրաժարվել Իսրայելի հետ հարաբերությունների խորացման ու ամրապնդման գաղափարից: Երեկ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդրահարույց գործոններ կան, որոնցից մեկը Իսրայելն է: Նասեր Քանանիի խոսքով՝ Իսրայելը փորձում է պառակտում և անկայունություն սերմանել ոչ միայն Թեհրանի և Բաքվի միջև, այլև ամբողջ իսլամական աշխարհում: