44-оրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելիս:
«Նրա այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության՝ Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ, ու նրա կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արևմտյան երկրների համար մեծացել է»,- ասել է վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ այս իրավիճակն ունի և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ:
«Ռիսկերը տեսնում ենք ամենուր, իսկ հնարավորությունն այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է: Դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի և Վրաստանի դերը:
Այս համատեքստում տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և ՌԴ-ի միջև:
Եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով»,- ասել է վարչապետը: