ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։
«Այդ հնարավորությունը մեծացել է վերդիվանագիտական և վերքաղաքական գործոնների` մարդկային արժեքների շնորհիվ, երբ ՀՀ-ն որոշեց տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին։ Թուրքիան էլ, իր հերթին, Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարության դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, այլ արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը։ ՀՀ-ի և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների և աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա։
«Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի, և հիմք կստեղծվի հարևանային, բնականոն հարաբերությունների զարգացման համար։ Այս առումով կարևոր է, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը հատելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի: Խաղաղությունը, իհարկե, կախված է նաև մեզնից և մեր դիրքորոշումներից, ու իմ անկեղծ մղումն է՝ ամեն հնարավորն անել Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- նշեց վարչապետը: