ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։
Մասնավորապես՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արտակ Գալստյանը և Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022 թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր
youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022 թ. հոկտեմբերից մինչև 2023 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։
Բացի այդ, մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Վ. Ղուկասյանը, 2022 թ. սեպտեմբերին իր յութուբյան ալիքներով սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, հրապարակել է կեղծ տեղեկություններ երկու գիշերային ակումբների գործունեության մասին։ Ապա մեկ այլ անձ՝ Ա. Մկրտումյանը, 2022 թ. աշնանը գնացել է այդ ակումբներից մեկը՝ ներկայանալով որպես իլյուզիոնիստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այցելելուց հետո նա Վ. Ղուկասյանին է փոխանցել ակումբում տեղի ունեցած իրադարձությունների, հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեսանյութեր։ Վ. Ղուկասյանը դրանք հրապարակել է իր յութուբյան ալիքում՝ սպառնալով, որ եթե հաճախորդները ակումբ հաճախելը չդադարեցնեն, նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ ևս կհրապարակի։
Դրանից շուրջ 10 օր անց, կուսակցության անվտանգության աշխատակիցը զանգահարել է ակումբ և Վ. Ղուկասյանի կողմից յութուբյան ալիքով անպարկեշտ և արժանապատվությունը նվաստացնող հաղորդումների դադարեցման նպատակով պահանջել, որպեսզի ակումբում պահնորդական ծառայությունն ամսական 2-3 միլիոն ՀՀ դրամով իրականացնեն «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության աշխատակիցները՝ երաշխավորելով, որ այդ ընթացքում կարող են ցանկացած ապօրինություն կատարել։
Հիշյալ պահանջը մերժվելուց հետո Վ. Ղուկասյանն ավելի ինտենսիվ կերպով վարկաբեկել է ակումբը և հրապարակել պատասխանատու աշխատակցի, նրա ընտանիքի անդամների լուսանկարները՝ նպատակ հետապնդելով այդ կերպ նրան պարտադրել ընդունելու նրանց կողմից պահնորդական ծառայություն մատուցելու քողի ներքո շորթման պահանջը։
2023 թ. մարտի 31-ին Ա. Մկրտումյանը կրկին այցելել է ակումբ և հանդիպելով պատասխանատու աշխատակցին, նրանից պահանջել է 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Վ. Ղուկասյանի կողմից մատնանշվող ֆոնդին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում Վ.Ղուկասյանն ակումբի, դրա հաճախորդների և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ելույթներ չի հրապարակի։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Վ.Ղուկասյանի և Ա. Գալստյանի նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նախաքննական մարմնի որոշումների հիման վրա՝ Ա. Գալստյանը և Ա. Մկրտումյանը ձերբակալվել են։
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից «Հանրային ձայն» կուսակցության և «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության գրասենյակներում, Ա. Գալստյանի բնակության վայրում, ինչպես նաև վերջինիս և Վ. Ղուկասյանի հետ փոխկապակցված անձանց բնակության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, նոթատետրեր՝ շորթման փաստը հավաստող գրառումներով, և էլեկտրոնային կրիչներ։
Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել նաև տվյալներ առ այն, որ Վ. Ղուկասյանի և նրա հանցակիցների կողմից այլ անձանց տարբեր ծառայությունների մատուցման քողի ներքո ներկայացվել են գույքային պահանջներ։
Ներկայում ՀՀ քննչական կոմիտեում քննության առարկա են հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ առերևույթ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և այլ հանցագործությունների դեպքեր։
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է Վ. Ղուկասյանի, Ա. Գալստյանի և նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: