ՍՈՒԴԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ
Սուդանի կանոնավոր բանակը և արագ արձագանքման ուժերը երկրում ապրիլի 15-ից շարունակվող բախումների ֆոնին պայմանավորվել են ամեն օր մարդասիրական միջանցքներ բացել՝ բախումներից տուժածներին օգնություն տրամադրելու և բնակիչների տարհանումն ապահովելու համար: Այնուհանդերձ, ըստ լրատվամիջոցների՝ զինված փոխհրաձգությունները ողջ երկրում, հատկապես՝ մայրաքաղաք Խարթումում, չեն դադարում։ ԶԼՄ-ների տվյալով՝ վերջին օրերին զոհվել է ավելի քան 90 քաղաքացիական անձ, 1100-ից ավելին վիրավորվել է:
Թեժ մարտեր են հատկապես Խարթումի կենտրոնում՝ բանակի շտաբի շենքից ոչ հեռու, գնդակոծվել են հեռուստաաշտարակները, պետական հեռուստատեսությունը դադարեցրել է հեռարձակումը, բախումներ են նաև Մերով քաղաքի ռազմաբազայի մոտ։ Սուդանում զարգացումների մասին հակասական տեղեկություններ են ստացվում: Կողմերը պարբերաբար հերքում են մյուս կողմի ռազմական հաջողությունները:
Սուդանի զինված ուժերը և արագ արձագանքման ուժերը տարաձայնություններ ունեն հատուկ ուժերին երկրի բանակում ինտեգրելու և բանակի գլխավոր հրամանատար ընտրելու հետ կապված:
G7-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՉԹՈՒԼԱՑՆԵԼ ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում տեղի է ունեցել Յոթի խմբի արտգործնախարարների հանդիպումը: Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Կանադայի գլխավոր դիվանագետները պայմանավորվել են շարունակել Ուկրաինային աջակցությունը և չթուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
«Յոթի խումբը նաև կամրապնդի գործակցությունը՝ թույլ չտալու որոշ երկրների շրջանցել հակառուսական սահմանափակումները և զենք մատակարարել Ռուսաստանին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:
G7-ի արտգործնախարարները դատապարտել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը, համոզմունք հայտնել՝ այդ քայլը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրման։
Դիվանագետներն անդրադարձել են նաև Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծել Չինաստանի հետ երկխոսությունը շարունակելու և Թայվանի նեղուցում խաղաղությունը պահպանելու կարևորությունը:
ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԺՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՌԴ նախագահը Մոսկվայում ընդունել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուին: Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրի հարաբերությունները զարգանում են տնտեսության, սոցիալական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում։ «Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև ռազմական գերատեսչությունների մակարդակով, համատեղ զորավարժություններ են անցկացվում»,- ասել է Պուտինը:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Լի Շանֆուն Պուտինին է փոխանցել Սի Ծինփինի ողջույնները, նշել, որ Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում սա իր առաջին արտասահմանյան այցն է, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը։ Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի գործակցությունը մասնավորապես ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում դինամիկ զարգանում է, ինչը նպաստում է համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանը։
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ՇՈՅԳՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Հանդիպման օրակարգում են եղել Խաղաղօվկիանոսյան նավատորմի չպլանավորված վարժանքները, որոնք մեկնարկել են ապրիլի 14-ին: Ավելի վաղ նավատորմը բերվել էր մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Նավաստիների առաջ խնդիր է դրված կանխել պայմանական թշնամու մուտքը Օխոտի ծովի հարավային հատված, Սախալին և Կուրիլյան կղզիների հարավ:
Շոյգուն Պուտինին տեղեկացրել է, որ վարժանքներին ներգրավված են ավելի քան 25 հազար զինվորական, 167 ռազմանավ, 89 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Նրա խոսքով՝ այժմ անցել են անակնկալ ստուգման երկրորդ փուլին։
Ռուսաստանի նախագահն էլ նշել է, որ երկրի զինված ուժերի հիմնական առաջնահերթությունը ուկրաինական ուղղությունն է, սակայն նավատորմի զարգացումը նույնպես կարևոր խնդիր է, քանի որ այն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել ցանկացած ուղղությամբ հակամարտությունների ընթացքում։
130 ՌԱԶՄԱԳԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱ
Ռուսական գերությունից Ուկրաինա է վերադարձել 130 զինվոր՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը։ Նրանց թվում են զինվորականներ, սահմանապահներ, նավաստիներ, որոնք գերեվարվել էին Բախմուտի, Սոլեդարի, Զապորոժիեի, Խերսոնի ուղղություններում։
Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարի մամուլի ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որում Եվգենի Պրիգոժինը հրաման է տալիս Զատկին ընդառաջ կերակրել, նախապատրաստել և ուկրաինական կողմին փոխանցել գերիներին։