Ոստիկանությունը պետականության ողնաշարն է, և այն պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի: Ոստիկանության օրվա առթիվ կառույցի կոլեգիայի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդգծել՝ ոստիկանությունը մեծ վերափոխումների գործընթացի մեջ է, և պետության առանցքային նպատակը շարունակական բարձրացող ստանդարտներ սահմանելն է կառույցի աշխատանքի համար: Այդ ճանապարհին հասնելու ուղղություններն է նշել վարչապետը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Առաջինը պրոֆեսիոնալ հմտությունների շարունակական զարգացումն է և համոզվածությունը, որ մի նշաձողից ներքև որևէ ոստիկան իր պրոֆեսիոնալ, ինտելեկտուալ հմտություններով չի կարող լինել: Մենք այսօր Ոստիկանության օրն ենք նշում, դրա համար ենք դա ընդգծում, իսկ, ըստ էության, նույնը վերաբերում է Փրկարար ծառայությանը և ընդհանրապես ամբողջ համակարգին:
Հաջորդը սոցիալական երաշխիքների համակարգն է: Վարչապետի խոսքով՝ ոստիկանության աշխատողը պետք է չմտածի, թե ինչպես է երեխայի ուսման վարձը վճարելու կամ ընտանիքի անդամի հիվանդության խնդիրը լուծելու:
Նիկոլ Փաշինյան - Եթե մենք ուզում ենք ունենալ անվտանգություն, մեր առաջնային խնդիրը պետք է լինի այնպես անել, որ դուք ձեր աշխատանքի մեջ կենտրոնացած մնաք անվտանգության ապահովման վրա և ոչ թե ամենատարբեր կենցաղային խնդիրների, որոնք հատուկ են բոլորին և անընդհատ ձեզ ձեր աշխատանքից շեղելու և այլ օրակարգեր ունենալու պարտադրանքի առաջ կդնեն աշխատանքի ընթացքում և աշխատանքային ժամերին:
Սա է պատճառը, որ սկսում են կամավոր ատեստավորման գործընթաց, հայտարարեց Փաշինյանը: Ոստիկանությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ հմտություններ, ոչ թե ինքնանպատակ՝ նկատում է վարչապետը, այլ, ըստ անհրաժեշտության, ուժ կիրառելու:
Նիկոլ Փաշինյան - Որովհետև կա ուժային գործողություն, որի արդյունքում ոստիկանը կարող է խրախուսվել, պարգևատրվել, մենք շնորհակալություն հայտնենք նրան դրա համար, կան դեպքեր, երբ, ընդհակառակը, կարող է հետևել պատասխանատվություն, դրա համար շատ կարևոր է նաև ոստիկանների համար: Ատեստավորման գործընթացը հենց այս նրբությամբ էլ է կարևոր, որ ոստիկանը կարողանա լիարժեք տիրապետել իր գործողությունների դաշտին:
Ոստիկանության համակարգում Երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, որքան այսօր, նշեց երկրի ղեկավարը՝ հավելելով, սա վերաբերմունք է և՛ հանրության, և՛ ոստիկանության նկատմամբ: Նա հիշեցրեց, որ պարեկային ոստիկանության ներդրման ժամանակ, անկախ ռեսուրսների սահմանափակ լինելու մասին քննարկումներից, խնդիր է դրել որևէ օգտագործված մեքենա կամ տեխնիկական միջոց չօգտագործել նոր ծառայություններում:
Նիկոլ Փաշինյան - Չենք կարող ասել, որ գիտեք ինչ, մենք չունենք սոցիալական, տեխնիկական անհրաժեշտ միջոցներ՝ աշխատանքային պայմանները ապահովելու համար, որովհետև դա կնշանակի հրաժարում ինքնիշխան պետություն ունենալու նպատակից, իսկ դրանից մենք երբեք չենք հրաժարվի։ Եվ ես ուզում եմ, որ մենք կենտրոնացած մնանք այս խնդրի վրա, որովհետև հատկապես ուժային կառույցները, պետական կառույցները ոչ մի վայրկյան չպետք է մոռանան, թե որն է, ի վերջո, մեր նպատակը: Մեր նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունն ամրապնդելն է, ուժեղացնելն է, մեր պետության մրցակցայնությունը ավելացնելը, մեր երկրի միջազգային իմիջը ուժեղացնելը:
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջության ոլորտում 35 տոկոս աճ է գրանցվել, և նաև ոստիկանության աշխատանքից է կախված՝ այդ մարդիկ վերադառնալով, խորհուրդ կտա՞ն այցելել մեր երկիր, թե՞ ոչ:
Նիկոլ Փաշինյան - Սրանք փոխկապակցված են, խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որ պիտի նաև ձեր աշխատանքի արդյունքում կամ ներհոսի Հայաստան, կամ արտահոսի Հայաստանի Հանրապետությունից։ Փառք Աստծո, այսօր գոնե տնտեսության, տնտեսական աճի ոլորտում մեր գործերը լավ են, և ես ուզում եմ հավատալ, հավատում եմ և համոզված եմ, որ դա նաև ձեր աշխատանքի շնորհիվ է։ Որովհետև մենք, ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչ անում ենք՝ ստեղծելու հավասար պայմաններ, հավասար հնարավորություններ, ստեղծելու պայմաններ օրենքի առաջ բոլորի հավասարության, օրենքի գերակայության համար։ Իդեալին չեն հասնի:
Ոստիկանության օրվա առթիվ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ներքին գործերի նախարարության մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների: Վարչապետը նրանց պարգևատրել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
Մինչև նիստը, Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Ոստիկանության տրանսպորտային նոր միջոցները, նաև էլեկտրամոբիլները:
Վարչապետն այցի ընթացքում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան