Մետրոյի աշխատանքի խաթարման պատճառ դարձած «Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի 1.5-2 մլն դրամով` կառուցապատումը քաղաքաշինական գործունեության սահմանված նորմերով և ժամկետներում չկատարելու համար: Քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ապրիլի 1-ին ընկել էին մետրոպոլիտենի գծերի վրա։ Պարզվում է՝ քաղաքապետարանը դեռ 2022-ի սեպտեմբերի 9-ին է թույլատրել 24 պահեստարանների քանդումը, իսկ քանդման ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին։
Յակով Ասատրյան (Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ) - Ժամկետը լրանալուց հետո քանդման աշխատանքները շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում:
ԵՐԹՈՒՂԻ ԿՄՏՆԵՆ ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ
«ՄԱՆ» մակնիշի 12-մետրանոց 14 ավտոբուս արդեն երթուղում է, ապրիլի 20-ից էլ 38-րդ երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Նույն օր շահագործման հանձնել 40 և 67 համարի երթուղիները: 40 համարը սպասարկում է Նոր Նորք - Քանաքեռ-Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները
Նորություն կա նաև նոր տրոլեյբուսների մատակարարման ժամկետների հետ կապված:
Հայկ Սարգսյան - Ժամկետներն անցել են արդեն, իրենց գաբարիտային չափերից ելնելով՝ վերջերս նոր ստացել են թույլտվություն Լարսի թունելները անցնելու: Նախատեսվում է մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը լինի Երևանում:
Մայրաքաղաքի տրանսպորտի նոր, խելացի կանգառասրահների հայեցակարգի վերջնաժամկետը պարզ կլինի 2 շաբաթից: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի խոսքով՝ աշխատանքներն ընթացքի մեջ են, դիզայներները մշակում են էսքիզ նախագծեր, որոնց մեջ փոփոխություններ կարվեն:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Հուսով եմ՝ էն նախնական դիզայներական տարբերակից մի քիչ անցել ենք մոդեռն տարբերակների:
Արմեն Հարությունյանը (Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ) - Նախագծվելու է այն մոդեռն տարբերակը, որը լինելու է ավելի քիչ քանակությամբ՝ մի քանի տեղերում, երկրորդ տարբերակը լինելու է Երևանի մնացած կետերում: Էսքիզը լրիվ փոխվելու է:
ՇԵՆՔԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է
Քաղաքային իշխանությունը խստացրել է բազմաբնակարան շենքերի շինարարության նկատմամբ հսկողությունը: Մեկ շաբաթում 32 արձանագրություն է կազմվել, ինչը, ըստ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի, նախորդ շաբաթվա համեմատ եռապատկվել է: Ասատրյանը մեկ կոպիտ խախտում է առանձնացնում:
Յակով Ասատրյան - Արշակունյաց 192 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար ստացված շինթույլտվությամբ իրականացվող աշխատանքների ընթացքում նախագծի պահանջներից դուրս իրականացվել է լրացուցիչ 2 հարկի կառուցման, երկաթբետոնե սյուների կառուցման աշխատանքներ: Տվյալ կառուցապատողը կառուցապատման և հողի վերահսկողության վարչության կողմից մեկ ամիս առաջ առձեռն ստացել է ծանուցում նախագծային շեղումները բացառելու վերաբերյալ: Վարչարարությունն իրականացվել է, արձանագրությունը կազմվել է:
Ասատրյանի վստահեցմամբ՝ նախազգուշական մեխանիզմներով անում են հնարավորը, որ, բժշկական լեզվով ասած՝ գործը «վիրաբույժին» չհասնի, և սուր գործիքների կիրառմամբ խնդիրը հանգուցալուծում չստանա, սակայն որոշ դեպքերում անհնար է առանց նման միջամտությունների: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ այս դեպքում բանը հասել է սուր գործիքներին, և նախագծից դուրս ապօրինի կառույցները պետք է քանդվեն:
Տիգրան Ավինյան - Այսուհետ քաղաքապետարանն ավելի խիստ է մոտենալու և՛ շինարարական ստանդարտներին, և՛ նախագծից ծավալային ավելացումներով շեղումներին: Բոլորին խնդրում եմ՝ չշեղվել ձեր իսկ կողմից տրված նախագծերից: Քաղաքապետարանը հետևողականորեն շարունակելու է ակտերի ավելացման գործընթացը:
Տիգրան Ավինյանը աշխատակազմին նաև նոր գործընկերներին ներկայացրեց՝ առողջապահության նախկին փոխնախարար Շավարշ Գրիգորյանը ժամանակավորապես կզբաղեցնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, իսկ Հայկ Մուրադյանը՝ ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի:
Հեղինակ՝ Անի Օհանյան