Հունգարիայի կառավարությունը սահմանել է Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելք՝ դա կապելով ավելի վաղ Լեհաստանի ընդունած նմանատիպ որոշման հետ։
«Մենք չենք կարող վտանգել հունգարական գյուղատնտեսությունը և հունգարացի ֆերմերների ապրուստի միջոցը»,- ասվում է Հունգարիայի կառավարության հայտարարության մեջ:
Լեհաստանն ու Հունգարիան բազմիցս պնդել են, որ ուկրաինական հացահատիկի զանգվածային մատակարարումը ԵՄ ապակայունացնում է շուկան և իջեցնում գները տեղական արտադրողների համար: Ի դեպ, Բրյուսելը ժամանակավորապես չեղարկել է մաքսատուրքերն այդ մատակարարումների համար։ Եվրահանձնաժողովը դատապարտել է և անընդունելի համարել ԵՄ անդամ Լեհաստանի ու Հունգարիայի որոշումները:
Այս երկու պետությունից հետո Բուլղարիան նույնպես մտածում է ուկրաինական հացահատիկի հանդեպ էմբարգո կիրառելու մասին։ Սլովակիան էլ իր հերթին է նախատեսել դադարեցնել Ուկրաինայից հացահատիկի և այլ ապրանքների ներմուծումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Էդուարդ Հեգերը։
Ավելի վաղ Լեհաստանում, ինչպես նաև Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում գյուղմթերք արտադրողների ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցները բողոքել են Ուկրաինայից այդ երկրներ հսկայական քանակությամբ հացահատիկի ներկրման դեմ: