Հայաստանի Հանրապետությունը 2022 թվականին շարունակել է ընդլայնել համագործակցությունը ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգային և այլ ուղղություններով:
Այս մասին ասված է ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում:
Նշված է, որ տեղի են ունեցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ:
2022 թվականի ապրիլի 19-20-ը կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ: Այցի ընթացքում ստորագրվել են հետևյալ երկկողմ փաստաթղթերը.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության և Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023 թթ.» համագործակցության ծրագիր
Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր
«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև 2022-2023 թթ. համագործակցության ծրագիր
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
2022 թվականի հուլիսի 18-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Զեկույցում ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի առթիվ այցելել է ՀՀ: 2022 թվականի ընթացքում տեղի են ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 6 երկկողմ հանդիպում և 20 հեռախոսազրույց:
ՀՀ վարչապետի և ՌԴ նախարարների խորհրդի նախագահ Միխայիլ Միշուստինի միջև 2022 թվականի ընթացքում տեղի են ունեցել 3 երկկողմ հանդիպում և 2 հեռախոսազրույց, 2023 թվականի սկզբին՝ ևս 1 հանդիպում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
2022 թվականի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
2022 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում կայացել են «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը և Հայ-ռուսական գործարար երկխոսությունը, ինչից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ստորագրել են ՀՀ Կառավարության և ՌԴ Կառավարության միջև 2022-2025 թվականների տնտեսական համագործակցության ծրագիրը:
2022 թվականի դեկտեմբերի 22-23-ը երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը:
2022 թվականին տեղի են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի 8 հանդիպում և 10 հեռախոսազրույց: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցեր են ունեցել ՌԴ:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Մաքսուդ Շադաևը, սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն այց են կատարել ՀՀ:
ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը 2022 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլար, 2021 թվականի շուրջ 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ՝ գրանցելով 91,7%-ով աճ: