Եթե մինչև հիմա միայն նախատեսվում էր Երևանի մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրել պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի քանդակը, այժմ նաև արձանի շրջակայքը բարեկարգելու, հարակից պուրակ ստեղծելու ծրագիր կա:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության կողմից պատվիրվեց նախագծանախահաշվային փաստաթղթեր պատվանդանի և հարակից այգու՝ պուրակի կառուցման, որովհետև մեր խնդիրը նաև այս տարածքում կանաչ գոտիներ ստանալու և ոռոգման համակարգ ունենալու խնդիրն էր:
Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության ղեկավարը նշում է՝ հաշվի են առնվել մարզահամերգային համալիրի մուտքերը և մարդկանց հնարավոր մեծ հոսքերը միջոցառումների ժամանակ: Նպատակն է ունենալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ մեկ ամբողջություն կազմող, բայց միևնույն ժամանակ արձանի շուրջը փռված ինքնուրույն մի պուրակ:
Խորեն Գրիգորյան - Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրված է լինելու ուղիղ ճակատային մասով՝ համալիրի դիմաց: Այս պատվանդանի ստորին հատվածում Կարեն Դեմիրճյանի մասին գրված է լինելու: Այս հատվածները ամբողջական կանաչապատվելու են, էստեղ ծառերի խնդիր ունենք, որ պետք է տեղադրենք: Եթե այս պահին տարածքում լինեիք, էնտեղ կտեսնեիք, որ այս ամբողջական հատվածը վերածված է փարքինգի և նույնիսկ համալիրի համար ոչ շահեկան իրավիճակ է ստեղծում, նույնիսկ հենց եթե մարզահամերգային համալիրի ճարտարապետական կառույցի տեսանկյունից նայենք: Նպատակ ունենք նստարաններով՝ մարդիկ գան, սպասեն, նստեն: Մարդիկ ժամանակի ընթացքում այստեղ վերածեն իրենց համար հաճելի զբոսավայրի, և սա էլ արդեն վերևի պատկերն է էսքիզի, թե ինչ տեսք է ունենալու Կարեն Դեմիրճյանի արձանը՝ մի քիչ ավելի համալիր պատկերով: Սրանք մեր Լենինգրադյան և Կիևյան փողոցներն են, սա արդեն Ծիծեռնակաբերդի խճուղի գնացող ճանապարհն է:
Էսքիզներն արդեն համաձայնեցված են: Նախահաշվային փաստաթղթերը պատրաստ լինելուց հետո կհայտարարվի բարեկարգման շինաշխատանքների մրցույթ: Նպատակ կա գործը ավարտին հասցնել այս տարի: Կարեն Դեմիրճյանի արձանն այժմ ձուլման փուլում է:
Սարգիս Բաբայան (քանդակագործ) - Արձանը լինելու է բրոնզից, պատվանդանը՝ տրավերտինից, տեղադրվելու է ուղիղ առանցքով:
Սարգիս Բաբայանը Դեմիրճյանի քանդակի վրա աշխատում է 2019 թվականից: Նրա կերպարը բացահայտելու այս տարբերակին հանգել է երկարատև պրպտումներից, ավելի քան տասը այլ նախագծումներից հետո:
Պատվանդանից իջնող Դեմիրճյանը գալիս է դեպի ժողովուրդը: Գիպսե տարբերակի օրինակով քանդակագործը ներկայացնում է:
Սարգիս Բաբայան - Իրեն բնորոշ, իր կերպարին բնորոշ քայլի մեջ, շարժի մեջ, դինամիկայով: Եվ եթե նայենք, սիմվոլիկ երկու բան կա՝ բռունցքը, որ կամք, ուժ, հաստատակամություն են խորհրդանշում, և աջ ձեռքը՝ բաց, աշխատող մարդու, ստեղծագործ մարդու: Կարևոր որոշումներ կայացնող մարդու կերպար եմ փորձել ստանալ՝ հարազատ մնալով հենց դեմիրճյանական այդ ամբողջ իր ապրած, ստեղծագործած, արարած հայրենիքը շենացնելու իր բոլոր դրական քայլերը իր ցույց դնելու:
Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը պատրաստ կլինի հունիս-հուլիսին, բայց կտեղադրվի, երբ պուրակը նույնպես պատրաստ լինի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան