Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Մեկ շաբաթում ստուգողները կազմել են 32 արձանագրություն: Ըստ զեկույցի՝ ակտերի թիվն ավելացել է երեք անգամ: Դրանք մասնավորապես, ապօրինի շինությունների կառուցման և հողազավթման, շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման և սանիտարական կանոնների խախտման դեպքեր են:
Կարևորելով ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացումը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքն այսուհետ շատ ավելի խիստ է մոտենալու շինարարական ստանդարտներին:
«Երևանում մենք ունենք օդի աղտոտվածության խնդիր, առաջինը շահագործվող հանքերն են, որոնք, վստահ եմ, չունեն փոշու որսիչ կայաններ, երկրորդը շինարարությունն է, որը շատ մեծ ծավալների է հասնում, միայն նախորդ տարի 4000-ից ավել շինթույլտվություններ են տրվել, և երրորդը տրանսպորտն է: Մենք պարտավոր ենք գտնել ճիշտ բանաձև և խնդիրը լուծել այնպես, որ փոշու հետ կապված իրավիճակը Երևանում լինի կառավարելի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: