ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածությունը դեռ պահպանվում է: Ոչ բարիդրացիական քաղաքականություն վարելու համար փոխադարձ մեղադրանքների ֆոնին Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ երկու երկրի հարաբերություններում խնդրահարույց գործոններ կան, որոնցից մեկը Իսրայելն է: Նասեր Քանանիի խոսքով՝ Իսրայելը փորձում է պառակտում և անկայունություն սերմանել ոչ միայն Թեհրանի և Բաքվի միջև, այլև ողջ իսլամական աշխարհում:
«Մեր ուշադրությունը կենտրոնացած է բարիդրացիության և ընդհանուր շահերը հարգելու վրա։ Թեհրանը փորձեց թուլացնել լարվածությունը։ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին երեք հեռախոսազրույցները դրական արդյունք տվեցին»,- նշել է Քանանին:
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Բաքվի և Թեհրանի միջև առկա տարաձայնությունները կհարթվեն, եթե կողմերը քաղաքական կամք դրսևորեն:
ԻՐԱՆՆ ՈՒ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԿՎԵՐԱԲԱՑԵՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ
Իրանը և Սաուդյան Արաբիան մինչև մայիսի 9-ը կվերաբացեն դեսպանատները Թեհրանում և Էր Ռիադում՝ IRNA-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալիռեզա Էնայաթին։ Նա հույս է հայտնել, որ մինչ այդ Ջիդդայում և Մաշհադում էլ կվերսկսեն աշխատանքը երկու երկրի գլխավոր հյուպատոսությունները։
Էնայաթին բարձր է գնահատել Իրանի և Սաուդյան Արաբիայի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը և նշել պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում գործակցության մեծ ներուժը։ Նա նաև տեղեկացրել է, որ օրակարգում է երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցերը Սաուդյան Արաբիա, Օման և Արաբական Միացյալ Էմիրություններ:
Մարտին Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Ապրիլին Իրանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի հետ: Դիվանագետները համաձայնել են ընդլայնել շփումները, վերսկսել երկկողմ թռիչքները և դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը։
ՍԼՈՎԱԿԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ «ՄԻԳ-29» ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Սլովակիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է խոստացված ՄիԳ-29 կործանիչները Ուկրաինային տրամադրելու մասին՝ հայտնում է Reuters գործակալությունը:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, քանի որ սա իսկապես կարևոր և բարդ նյութատեխնիկական գործողություն էր»,- նշել է պաշտպանության նախարարը: Յարոսլավ Նադը նշել է, որ խոսքը 13 կործանիչի մասին է:
Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը ռուսական արտադրության զենքի վերաարտահանման մասով Սլովակիայի ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է։
ԱՄՆ-Ը, ՃԱՊՈՆԻԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍԵԼ
Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ը լայնածավալ համատեղ օդային զորավարժություններ են սկսել Ճապոնական ծովի ջրերում։ Վարժանքներին երեք կործանիչ է ներգրավվել: Զինվորականները փորձելու են հայտնաբերել պայմանական բալիստիկ հրթիռը և փոխանակվել դրա մասին տեղեկատվությամբ։
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ այսպիսով Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ը կամրապնդեն գործակցությունը անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով Հյուսիսային Կորեայից բխող միջուկային և հրթիռային սպառնալիքները:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ՇՈՅԳՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Հանդիպման օրակարգում են եղել Խաղաղօվկիանոսյան նավատորմի չազդարարված վարժանքները: Ավելի վաղ՝ նավատորմը բերվել էր մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Նավաստիների առաջ խնդիր է դրված կանխել պայմանական թշնամու մուտքը Օխոտի ծովի հարավային հատված, Սախալին և Կուրիլյան կղզիների հարավ:
Շոյգուն Պուտինին տեղեկացրել է, որ վարժանքներին ներգրավված են ավելի քան 25 հազար զինվորական, 167 ռազմանավ, 89 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Ռուսաստանի նախագահն էլ նշել է, որ երկրի զինված ուժերի հիմնական առաջնահերթությունը ուկրաինական ուղղությունն է, սակայն նավատորմի զարգացումը նույնպես կարևոր խնդիր է, քանի որ այն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել ցանկացած ուղղությամբ հակամարտությունների ընթացքում։