ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածությունը դեռ պահպանվում է: Ոչ բարիդրացիական քաղաքականություն վարելու համար փոխադարձ մեղադրանքների ֆոնին Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ երկու երկրի հարաբերություններում խնդրահարույց գործոններ կան, որոնցից մեկը Իսրայելն է: Նասեր Քանանիի խոսքով՝ Իսրայելը փորձում է պառակտում և անկայունություն սերմանել ոչ միայն Թեհրանի և Բաքվի միջև, այլև ողջ իսլամական աշխարհում:
«Մեր ուշադրությունը կենտրոնացած է բարիդրացիության և ընդհանուր շահերը հարգելու վրա։ Թեհրանը փորձեց թուլացնել լարվածությունը։ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին երեք հեռախոսազրույցները դրական արդյունք տվեցին», - նշել է Քանանին:
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Բաքվի և Թեհրանի միջև առկա տարաձայնությունները կհարթվեն, եթե կողմերը քաղաքական կամք դրսևորեն:
Նշենք, որ վաղը նախատեսվում է Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենի այցը Ադրբեջան: Բաքվում նա կմասնակցի Ադրբեջան-Իսրայել միջկառավարական հանձնաժողովի նիստին։
ՍՈՒԴԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ
Սուդանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երկրի կանոնավոր բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև արդեն երեք օր շարունակվող բախումների կիզակետում է հայտնվել մայրաքաղաք Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ չնայած փոխհրաձգություններին՝ եկեղեցին վնասներ չի կրել:
Սուդանի Զինված ուժերը և Արագ արձագանքման ուժերը տարաձայնություններ ունեն հատուկ ուժերին երկրի բանակում ինտեգրելու և բանակի գլխավոր հրամանատար ընտրելու հետ կապված: Արագ արձագանքման ուժերը նաև պնդում են, որ երկիրը չեն կարող ղեկավարել զինվորականները:
Սուդանի բանակի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ սկսել են հատուկջոկատայինների դեմ գործողության վերջին փուլը և հետապնդում են նրանց: Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ զինված հակամարտությունը երկրի ներքին գործն է և ցանկացած արտաքին միջամտություն անընդունելի է:
Գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ Սուդանի կառավարման մարմնի՝ Ինքնիշխան խորհրդի ղեկավար, կանոնավոր բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը որոշել է լուծարել արագ արձագանքման ուժերը և այն հռչակել պետության դեմ գործող ապստամբ ուժ։
Նա, այնուհանդերձ, նշել է, որ պատրաստ է բանակցել:
Սուդանում զինված բախումների հետևանքով տուժել է 1000-ից ավելի մարդ, զոհվել է 90-ից ավելի քաղաքացիական անձ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Աֆրիկյան միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչների հետ փորձում է կարգավորել Սուդանի հակամարտությանը, այդ նպատակով փորձում է կապ հաստատել հակամարտող կողմերի ղեկավարների հետ:
G7-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՉԹՈՒԼԱՑՆԵԼ ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում տեղի է ունեցել Յոթի խմբի արտգործնախարարների հանդիպումը: Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Կանադայի գլխավոր դիվանագետները պայմանավորվել են շարունակել Ուկրաինային աջակցությունը, չթուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև ամրապնդել գործակցությունը՝ թույլ չտալու երկրներին շրջանցել հակառուսական սահմանափակումները և զենք մատակարարել Ռուսաստանին:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայաշին նշել է, որ Յոթնյակի արտգործնախարարները համաձայնել են, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը Ուկրաինայի տարածքից: Դիվանագետները նաև ընդգծել են Չինաստանի հետ երկխոսելու կարևորությունը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն էլ հորդորել է գործընկերներին համախմբվել և ցույց տալ Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանը չի հասնի իր նպատակներին:
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի էթիկայի հարցերով հանձնակատարը ապրիլի 13-ից հետաքննություն է սկսել վարչապետ Ռիշի Սունակի դեմ։ Նպատակն է պարզել՝ արդյո՞ք կառավարության ղեկավարը հայտարարագրել է իր տնտեսական միջոցները գործող պահանջներին համապատասխան։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ըստ խորհրդարանի անդամների վարքագծի կանոնագրքի՝ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը պետք է «տեղեկացնեն ցանկացած եկամտի մասին, որը կարող է ազդել նրանց որոշումների և գործողությունների վրա»:
Բրիտանական Daily Mail պարբերականի տվյալով՝ էթիկայի հարցերով հանձնակատարի ուշադրության կենտրոնում է հայտնվել բրիտանական կառավարության՝ մարտին կայացրած որոշումը, որը, ենթադրաբար, կարող էր ֆինանսական շահույթ ապահովել Մեծ Բրիտանիայի վարչապետի կնոջը պատկանող ընկերություններից մեկի համար։
Ռիշի Սունակի կինը հնդիկ միլիարդատեր Նարայանա Մուրտիի դուստրն է, նրա կարողությունը գնահատվում է 600-ից 900 միլիոն դոլար։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՉԱՐԼԶ III-Ի ԹԱԳԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Մեծ Բրիտանիան պատրաստվում է Չարլզ III-ի թագադրությանը, այն նախատեսված է մայիսի 6-ին: Առավոտյան Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, թագավորական հեծելազորի ուղեկցությամբ Բուքինգհեմյան պալատից կուղևորվեն Վեստմինսթերյան աբբայություն։
Ակնկալվում է, որ արարողությանը ներկա կլինի ավելի քան 2000 մարդ՝ շատ ավելի քիչ, քան Եղիսաբեթ II-ի թագադրման ժամանակ։ 1953 թվականին միջոցառմանը ներկա էր ավելի քան ութ հազար անվանի պաշտոնյա: Չարլզ III-ի թագադրմանը մասնակցելու հրավեր են ստացել մի շարք երկրների ղեկավարներ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիա իր անունից կմեկնի ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը։ Առողջական խնդիրների պատճառով արարողությունը բաց կթողնի նաև Դանիայի թագուհին։ Արքայազն Հարրին թագադրմանը մասնակցության հրավեր ստացել է, սակայն Վեստմինսթերյան աբբայություն կմեկնի առանց կնոջ՝ Մեգան Մարքլի։
Մայիսի 7-ին էլ Չարլզ III-ի թագադրության կապակցությամբ համերգ կկազմակերպվի, որի ընթացքում ելույթ կունենան ԱՄՆ-ից ժամանած արտիստներ, այդ թվում՝ Քեթի Փերին և Լայոնել Ռիչին: Հրավիրված է նաև իտալացի երգիչ Անդրեա Բոչելլին։