Թուրքիային սահմանակից Բագարան բնակավայրում կրթական ու մշակութային որևէ կենտրոն չկա, որ գործից կամ դասերից հետո բնակիչներն ազատ ժամանակն անցկացնեն։ Ոչ հեռավոր անցյալում այստեղ Երևանից հյուրախաղերի էին գալիս, համերգներ ու ներկայացումներ էին լինում։ Գյուղի կրթամշակութային կյանքը կանգ է առել այն պահից, երբ բագարանցիների մշակույթի տունը ավերակների է վերածվել:
Գեղեցիկ Ավետիսյան (Բագարանի դպրոցի տնօրեն) - Կարծում եմ՝ համայնքների խոշորացումը կնպաստի, որ Բագարանն էլ հասցնեն զարգացած գյուղերի մակարդակի, որտեղ կա այդ միջավայրը։
Բագարանի միակ լուսավոր կետը հիմա նորաբաց ընթերցասրահն է, որը հիմնել են գյուղի երիտասարդները՝ օր օրի քանդվող դպրոցում։ Երբ ընթերցասրահի նախագիծը ներկայացրել են «Դասավանդիր, Հայաստան» կրթական ծրագրին ու չեն հաղթել, գաղափարն իրականացնելու այլ ուղիներ են փնտրել։
Արմինե Ավոյան (Բագարանի դպրոցի ուսուցիչ) - Մենք ֆեյսբուքյան էջերով տարածեցինք, որ նման նախագիծ կա՝ երեխաներն ուզում են միջավայր ունենալ, քննարկումներ, ցերեկույթներ անցկացնել, և մարդիկ օգնեցին գրքերով, ֆինանսով։
Դպրոցի ղեկավարությունն էլ դասասենյակներից մեկն է տրամադրել․ վերանորգումից մինչև կահավորում՝ օգնել են դպրոցականներն ու գյուղի երիտասարդները։ Ստեղծել են միջավայրը, որտեղ կարող են ոչ միայն գիրք կարդալ, այլև կազմակերպել հետաքրքիր հանդիպումներ, քննարկումներ, իրականացնել ժամանցային ծրագրեր։
Գյուլնարա Մարգարյան (Բագարանի բնակիչ) - Այն ժամանակը, որ պետք է անցկացնեինք որևէ բան անելով կամ հեռախոսի մեջ մտնելով, հիմա կկարդանք ու կզարգանանք։
Երբ փոքր էի, վախենում էի գրքերից։ Երբ ուսուցիչս ասաց՝ դու կարող ես կարդալ, մի՛ վախեցիր հաստությունից, կարդացի: Առաջին գիրքս «Տասնհինգամյա նավապետն» էր, այդտեղից սկսվեց ամեն ինչ, ու սկսեցի սիրել գրքերը։
Գրադարակները շատ արագ են լցվում։ Նվիրատուներից է «Արևատուն» կազմակերպությունը, որը գրքեր է հայթայթում սահմանամերձ գյուղերի համար։
Գոհար Գորգիսյան («Արևատուն» ՀԿ նախագահ) - Առաջին նվիրատուն լինում եմ ես և երեխաներս։ Երեխաներիս իրենց վերջին ընթերցած գիրքն են տալիս, այդպիսին է մեր նախաձեռնության կարգը, ես նախընտրում եմ Նժդեհ՝ սահմանամերձ գյուղի երիտասարդին ամուր հողի վրա կանգնելու, հայրենիքի տերը լինելու գրականություն։
- Ես ձեզ հանձնում եմ բույսերի և կենդանիների պահպանման կարմիր գիրքը:
Ընթերցասրահը որոշակիորեն լրացնում է Բագարանի մշակութային կյանքի բացը․ այն ծառայում է ոչ միայն դպրոցականներին։