Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Այսօր՝ մրցումային առաջին օրը, Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ: Մանվել Խնձրցյանը (57 կգ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Գեորգի Վանգելովի հետ, Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/8 եզրափակչում կգոտեմարտի Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերի հետ, Արման Ավագյանը (79 կգ) նույն փուլում կհանդիպի Միխայիլ Իլիև Գերգիևի հետ, Սերգեյ Սարգսյանը (97 կգ) կգոտեմարտի գերմանացի Էրիկ Սվեն Տիելեի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի կա՛մ սլովակ, կա՛մ մոլդովացի ըմբիշի հետ:
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):