ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ:
Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:
Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարևորությունը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: