Առաջիկայում Կառավարությունը կընդունի աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությունը: Ի տարբերություն նախորդ՝ 2017-ին հաստատվածի, այն ուղղված չի լինելու միայն ռիսկի նվազեցմանը, ընդգծում է ներքին գործերի փոխնախարարը: Կառավարումը ենթադրում է 23-30 թվականների համար միջոցառումների ընդգրկուն փաթեթ, որը, ըստ Սարգսյանի, ծածկելու է բոլոր փուլերը՝ ռիսկի գնահատումը՝ ուղղված վաղ բացահայտմանը, արձագանքում՝ հնարավոր աղետի ժամանակ անհրաժեշտ քայլերով և վերջին՝ հետաղետային վերականգնում:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - ՀՀ տարածք եթե նայենք, ամբողջ տարածքը կարող է ենթարկվել տարբեր երկրաշարժերի կամ սելավների կամ հեղեղումների, կարող են լինել անտառային հրդեհներ, քարաթափումներ և բնական վտանգավոր երևույթներ, որոնք կարող են հանգեցնել տարբեր աղետալի հետևանքների և մեծաքանակ կորուստների: Տեխնոլոգիական աղետների մասով նշեմ, որ, ըստ էության, մենք ունենք տարբեր վտանգավոր օբյեկտներ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ այդպիսի երևույթների, ունենք ատոմակայան, որը ևս վտանգավոր աղբյուր է իրենից ենթադրում, և ըստ էության չունենալ պատկեր, թե ինչպես կարող ենք կառավարել սրանցից բխող վտանգները, ռիսկերը, կնշանակի, որ կարող ենք հաջորդն օր անմիջապես բախվել այնպիսի միջադեպի, որը ամբոջ հանրապետության մակարդակով կարող է աղետալի հետևանքներ առաջացնել:
Այս ոլորտում, թեև կան կայացած օղակներ, բայց բացերը քիչ չեն՝ նշում է փոխնախարարը: Կլինի բնական, տեխնոլոգիական թե կենսաբանական աղետ, ասում է, անհրաժեշտ է ունենալ հստակ ստանդարտներ: Ռիսկի ինդեքսավորումն ամբողջ հանրապետությունում, Սարգսյանի համոզմամբ, թույլ կտա ճիշտ կառավարում իրականացնել՝ զարգացնելով ունեցած կարողությունները:
Արփինե Սարգսյան - Ռազմավարությունը նախատեսում է, օրինակ՝ Քաջարանում, Ագարակում, Վանաձորում, Մեղրիում իրականացնել սեյսմիկ ռիսկի գնահատում, հասկանալ հնարավոր երկրաշարժերի առաջացման հավանականությունը կամ դրա հիման վրա կասկադային տարբեր հետևանքների կանխարգելմանն ուղղված միջոցառումների պլանավորումը, և ըստ այդմ յուրաքանչյուր բնակավայրի մակարդակում մենք հստակ կունենանք քարտեզը՝ որ բնակավայրին ինչպիսի աղետ է բնորոշ, այդ աղետը ինչպիսի միջացառումների արդյունքում պետք է կառավարելի դարձնել, և ըստ այդմ հանրապետական մակարդակով մենք կկարողանանք վերահսկելի իրավիճակ ունենանք:
Բազմաշերտ ռազմավարությունում առանձին տեղ է տրված նաև կրթական բաղադրիչին՝ բնակչության իրազեկմանը: Թիրախային ուսուցում են նախատեսում, դասընթացների, հոլովակների, թռուցիկների բաժանման ու իրազեկումը բարձրացնող այլ միջոցառումների ճանապարհով:
Արփինե Սարգսյան - Օրինակ՝ եթե լինի ինչ-որ մի հեղեղ տարբեր տարածաշրջանային մակարդակներում, բնակչությունը պետք է հասկանա, թե այս դեպքում իրենցից ենթադրվող առաջին արձագանքը ինչպիսին է լինելու ըստ էության, և տարբեր ուղեցույցների ու դասընթացների մշակումն այս ուղղությամբ ևս շատ կարևոր է, և ռազմավարությունը ենթադրում է այս ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Կարևոր տեղ է տրված նաև քաղաքաշինական ստանդարտների փոփոխությանը: Լինելով սեյսմիկ ակտիվ գոտի՝ պետք է ապահովելով տարբեր շինությունների ոչ միայն
որակը, այլև ճիշտ դիզայնը, բացատրում է փոխնախարարը: Եթե նոր չափորոշիչները վերաբերելու են նոր կառուցվող շենքերին, ինչ է լինելու հների հետ, քանի որ, ըստ մասնագետների, Երևանի շենքերի մեծ մասը սեյսմակայուն չէ: Հարցին Սարգսյանն արձագանքում է՝ խնդիրը բարդ է, բայց ռազմավարության հիմքում դրվել են հստակ ֆինանսական հաշվարկներ, ու, նրա վստահեցմամբ՝ հին շենքերը ամրացնելու համար գումար կլինի:
Արփինե Սարգսյան - Մենք նախնական գնահատումը կիրականացնենք, ռիսկի մոդելավորումը կկազմակերպենք և արդեն մեր քաղաքապետարանի ու մյուս գործընկերների հետ հստակ կպլանավորենք դրանց վերակառուցմանը կամ լավարկմանն ուղղված գործողությունները:
Կլինի դա բյուջեի հաշվին, թե միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ՝ հարցը լուծում կստանա, շեշտեց Սարգսյանը: Գործնական փուլ մտնել, ըստ ռազմավարության, նախատեսում են արդեն 25-26 թվականներին: