Հայաստանի Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ։
Ինչպես նշված է ՀՀ Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը տեղի է ունեցել հետևյալ հիմնական ուղղություններով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում և անվտանգություն, հումանիտար հարցեր:
Այս հարցերի քննարկման համար ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ (2022 թվականի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում), 2 քառակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ (որոնցից մեկը՝ հեռավար, մյուսը՝ Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին) և 1 եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ (2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում)։ 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում ևս 1 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ և ԵՄ միջնորդությամբ հանդիպել են 4 անգամ, ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները ՌԴ միջնորդությամբ հանդիպել են երկու անգամ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ՌԴ, ԱՄՆ և այլ գործընկերների միջնորդությամբ հանդիպել են 6 անգամ:
Տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023 թվականի փետրվարի 14-ին: ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:
«Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ Կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների և վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձևավորումը»,- ասված է զեկույցում:
Նշվում է, որ 2022 թվականին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը, որից հետո տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երեք համատեղ հանդիպում: 2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի հերթական նախագիծը: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների ուժով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի դրույթների համաձայն։ Սոչիի հայտարարությամբ կողմերը հստակ պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը՝ բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով։
2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի երկու նիստ (ստեղծման օրվանից ի վեր տեղի է ունեցել 11 նիստ): Ապաշրջափակման թեման պարբերաբար քննարկվել է նաև այլ ձևաչափերում: ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է օր առաջ իրագործել այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: Բեռների, ապրանքների և քաղաքացիների շարժի նոր հնարավորություններն ակնհայտորեն կմեծացնեն «Հայկական խաչմերուկի» գրավչությունը միջազգային և տարածաշրջանային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ էականորեն ընդգծելով Հայաստանի չիրացված լոգիստիկ դերը տարածաշրջանում, ինչն իր հերթին նաև հավելյալ անվտանգության և կայունության երաշխիքներ կապահովի:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 2022 թվականի հունվարի 14-ին տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որին ներգրավվել են նաև միջազգային բարձրակարգ փորձագետներ:
Զեկույցում արձանագրվում է, որ չհասցեագրված են մնում նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ: Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: ՀՀ-ն բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը: 2022 թվականի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով: ՀՀ-ն միջազգային դատական և դիվանագիտական ատյաններում հետևողականորեն բարձրացնում է բռնի անհետացումների, ինչպես նաև գերիների խոշտանգման և զոհված զինծառայողների դիակների խոշտանգման և անարգման հարցերը:
2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ: 2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝
-
44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ.
-
գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետևանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ.
-
Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ.
-
Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի և Քարագլխի դեպքերի և Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։
Մանրամասները՝ զեկույցում: