Ապրիլի 16-ին՝ ժամը 14.33-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին ստացվել է հաղորդում, որ 9-11 է զանգել մայրաքաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի հյուրանոցի աշխատակիցը և հայտնել, թե հյուրանոց են եկել կին և տղամարդ, ներկայացել մայր ու որդի, այնուհետև նրանց սենյակից լսվել է ծեծի ձայն, իսկ երբ իրենք մոտեցել են սենյակին, կնոջը հայտնաբերել են արնոտ ու ծեծված վիճակում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից. հայտնում էին, որ շտապօգնության բրիգադը նշված հյուրանոցից հիվանդանոց է տեղափոխում վնասվածքներ ստացած մի կնոջ:
«Ժամը 15.52-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից են հաղորդել, որ շտապօգնության բրիգադը բուժօգնության է տեղափոխել 75-ամյա մի կնոջ, որը հյուրանոցում ստացել է պարանոցի կտրած-արնահոսող վերք:
Մինչ այդ հաղորդում էր ստացվել 1-ին համալսարանական հիվանդանոցից: Հաղորդում էին, որ մարմնական վնասվածքով նույն հյուրանոցից իրենց մոտ է տեղափոխվել Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ, որը 4-րդ հարկից նետվել և ստացել է ոտքի կոտրվածք:
Մեկնել են ոստիկանության և քննչական բաժինների պետերը` օպերատիվ խմբով: Պարզվել է, որ ժամը 13-ին հյուրանոցի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծեծել է մորը, դանակով կտրել պարանոցը, ինչից հետո փորձել է դիմել փախուստի` նետվելով հյուրանոցի 4-րդ հարկի բաց պատշգամբից:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: