Արտերկրից Հայաստան զբոսաշրջային հոսքերը զգալի աճել են: Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է մոտ 450.000 զբոսաշրջային այց, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 80 տոկոսով ավելի է (2022թ. հունվար-մարտ` 249.361 զբոսաշրջային այցելություն): Շուրջ 90.000-ով գերազանցվել է նախաքովիդյան` 2019-ի ցուցանիշը (2019թ. հունվար-մարտ 364.489 զբոսաշրջային այցելություն): Միայն այս տարվա մարտին Հայաստան է եկել 160 հազար զբոսաշրջիկ` այն դեպքում, երբ 2019-ի 118 հազար է եղել:
Անուշ Բաբայան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ) - Ակնկալիքները արդարացված են, քանի որ ամենաբարձր ցուցանիշը ունենք:
Հայաստանը օտարերկրացիներին է՛լ ավելի ճանաչելի ու գրավիչ դարձնելու համար զբոսաշրջության կոմիտեն աշխատում է 4 հիմնական ուղղությամբ՝ մշակութային, գաստրո և գինի, արկածային ու բնահենք: Գերատեսչությունից նշում են՝ Հայաստանը միջազգային շուկայում ու հատկապես մեր երկրի համար թիրախային երկրներում ճանաչելի դարձնելու համար գործակցում են մեդիա ներկայացուցիչների, բլոգերների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ հրավիրվում են մեր երկիր, ծանոթանում ու նաև ծանոթացնում իրենց լսարանին հային ու Հայաստանը:
Աննա Մարգարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու) - Այսինքն` մարդիկ իմանում են, որ կա նման երկիր, կա հետաքրքիր ուղղություն, և սկսում են դիտարկել վայր, որտեղ կարելի է գալ հանգստանալ: Ամեն այցից մոտավոր 5-7 հոգանոց խմբեր են մեդիաներկայցուցիչների, ու բոլորը մեկից ավելի հոդվածներ են տպագրում:
Աննա Մարգարյանը նշում է՝ դրական արդյունք է ունեցել նաև վերջերս միջազգային պարբերականների հետ տարվող ակտիվ աշխատանքը. մի շարք հանրաճանաչ պարբերականներ՝ national geographic, BBC wild life և այլն, հոդվածներ են տպագրել Հայաստանի մասին: Բացի այդ, ներգնա տուրիզմը զարգացնելու համար կոմիտեն մասնակցում է միջազգային ցուցահանդեսների: Վերջինը «Այ Թի Բի Բեռլին»-ն էր, որտեղ Հայաստանը ներկայացրեց իր պոտենցիալը զբոսաշրջության ոլորտում, ու հիմա ակտիվ իրականացվում է փոխճանաչողական այցերի ծրագիրը, արդեն իսկ իրականացվել է Գերմանիայում և Ֆրանսիայում, նախատեսվում է առաջիկայում նաև նաև Բալթյան երկրներում:
Աննա Մարգարյան - Այսինքն` մենք ներկայացնում ենք Հայաստանը` իր բոլոր ուղղություններով, էնտեղի զբոսաշրջային օպերատորներին, գործակալներին, ինչպես նաև մեր բիզնեսի տուրօպերատորների կոնտակտները փոխանցում ենք իրենց, որպեսզի աշխատանքը ավելի հեշտ լինի B2B ձևաչափով:
Վերջին շրջանում այլ երկրներից դեպի Երևան բացվող ուղիղ չվերթերը նույնպես նպաստում են զբոսաշրջային այցերի ակտիվությանը, ասում է Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը:
Այս տարվա առաջին եռամսյակի ներգնա տուրիզմի բարձր ցուցանիշը ապահովել են հիմնականում Ռուսաստանից, որը կազմում է 53 տոկոս, Վրաստանից՝ 12 տոկոս, Իրանից՝ 6 տոկոս, Ուկրաինայից՝ 1.2 տոկոս, Միացյալ Նահանգներից` 1.0 տոկոս և եվրոպական մի շարք երկրներից եկածները: Իսկ թե նրանցից քանիսն են մեր հայրենակիցները, դեռևս պարզ չէ, բայց այդ համակարգը ստեղծելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, ասում է Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը:
Անուշ Բաբայան - Եթե, օրինակ, Գերմանիայից, Ֆրանսիայից այցելություններ են, դրանց մեջ, բնականաբար, հայերը շատ են, վերլուծությունները ցույց են տալիս, որ 2-րդ, 3-րդ եռամսյակներում ավելի շատ են լինում, քան 1-ին և 4-րդ եռամսյակներում:
Իսկ թե որ զբոսաշրջային ուղղությունն է Հայաստանում ամենապահանջվածը, մեզ վստահեցնում են՝ բոլորի պահանջարկը կա, բայց եթե նախկինում ավելի շատ զբոսաշրջիկ մեր երկիր բերում էին մշակույթը, պատմությունն ու տեսարժան վայրերը, այսօր նկատելի թափ է առնում նաև գաստրո, գինի, արկածային ու արշավային տուրիզմը: