Դեմքի բարի ժպիտով բարի գործ է անում վարպետ Մնացականը: Կառուցելն իր տարերքն է, իսկ դպրոց կամ մանկապարտեզ կառուցելը՝ երջանկություն: Հերթական մանկապարտեզը, որի հիմնանորոգումը նաև իրեն են վստահել, Սարդարապատում է: Շինարարական աշխատանքները սկսել են նախորդ տարվա նոյեմբերին: Կառույցի ամբողջական ամրացումը գրեթե ավարտել են. հիմքից մինչև տանիք՝ուժեղացրել:
Վարդան Հավաթյան (Շինարարական ընկերության գլխավոր մասնագետ) - Շենքի հիմնական պատերն ամրանում են, ուժեղացնում ենք ցանցով, ամրալարով ու բետոնացում է կատարվում, որից հետո կատարվելու է հիմնանորոգում:
Մանկապարտեզը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով: Նախատեսված է մոտ 100 երեխայի համար: Պարտեզը կգործի 4 խմբով, կաշխատի տարվա բոլոր եղանակներին: Բացի Սարդարապատից, այս պահին հիմնանորագման աշխատանքներ են ընթանում Արմավիր խոշորացված համայնքի ևս երկու մանկապարտեզում:
Բոլորն էլ՝ համաֆինանսավորման ծրագրով: Նախագծային արժեքները տարբեր են՝ 250-ից մինչև 350 մլն դրամ, որի 70 տոկոսը պետության մասնաբաժինն է, 30-ը՝ համայնքի:
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Բոլոր տեղերում ներառված են սեյսմիկ ամրացման աշխատանքներ, ամբողջովին ամրացվում են պատերը, ներքին կոնստրուկցիաները, որից հետո հիմնանորոգվում է, ներքին կահավորման աշխատանքներ են ներառված, բակի բարեկարգում է լինելու. մեծ հաշվով՝ մանկապարտեզն ամբողջական փաթեթով նորոգվում է:
Կառուցվող և վերակառուցվող մանկապարտեզներում ապաստարաններն էլ են նախատեսված: Նորակառույցներում դրանք կտեղակայվեն առանձին շինություններում. դա ավելի անվտանգ կդարձնի երեխաների պատսպարումը: 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ջեռուցման համակարգ է անցկացվել, դուռ ու լուսամուտ փոխվել Արմավիրի ևս 4 մանկապարտեզում: Պետական միջոցներով մանկապարտեզներ կկառուցվեն նաև Լենուղի, Այգեվան և Նորավան գյուղերում: Այգեվանում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, իսկ մյուս երկուսում՝շինարարական մրցույթների փուլն է:
Դավիթ Խուդաթյան - Կարծում եմ` 2025-ին Արմավիրի մասով այլևս չենք ունենա մանկապարտեզ, որտեղ ջեռուցման հարցը լուծված չլինի, և կարծում եմ՝ կապիտալ նորոգումն ու գույքի ամբողջական փոխումը ավարտած կլինենք:
Կառուցվող և վերակառուցվող պարտեզները կունենան բարեկարգ ու կահավորված բակ և խաղահրապարակ: Գույքը ևս նոր կլինի: Այն ձեռք կբերեն դարձյալ սուբվենցիոն ծրագրով: Մանկապարտեզը կվերաբացվի ամռանը: