Զենք կրելու իրավունք ունենալու համար քաղաքացիները նախ Կախվածությունների ազգային կենտրոնում հետազոտություն են անցնում, միայն դրանից հետո ստանում եզրակացություն, որ չունեն նարկոլոգիական կամ թմրաբանական որևէ հիվանդություն: Լաբորատոր պայմաններում ալկոհոլային հիվանդությունները՝ արյան, իսկ թմրանյութինը՝ մեզի միջոցով է որոշվում: Կենտրոնի տնօրենն ասում է՝ դժվար է չհամաձայնել՝ այս երկու դեպքում զենքի հետ գործ ունենալն առանձնակի վտանգավոր է:
Սուրեն Նազինյան (Կախվածությունների ազգային կենտրոնի ղեկավար) - Նարկոլոգիկան հիվանդություններ ունեցող անձանց կողմից զենքի ավտանգ շահագործման հավանականությունը բավական փոքր է, հատկապես` հոգեներգործող նյութերի տակ գտնվող մարդու դեպքում, ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող կամ սուր հոգեկան խանգարում ունեցող մարդու մոտ:
Գործադիրն այժմ վերանայում է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, նախագիծը շրջանառվում է, Նազինյանի խոսքով՝ գործող կարգը պետք է համապատասխանեցվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր դասակարգչին: Եղածը հնացած որակելով՝ մասնագետը նկատում է՝ ձևակերպումները պարզեցվում են, դարձվում ավելի համադրելի ու նորացված:
Սուրեն Նազինյան - Մեր ուղղությամբ հիվանդությունների հետ կապված ընդամենը մեկ կետ է նշված, ըստ ծածկագրերի՝ հիվանդությունների միջազգային դասակարգչով, հետևյալն են՝ F10- F19-ը, այդ հատվածում լիքը հիվանդություններ կան, նույնիսկ ինը չեն, տարբեր հոգեներգործող նյութերի հետ կապված, օրինակ` ալհոկոլ, հոգեխթանիչներ կլինեն և այլն:
Նույնը նաև մնացած հիվանդություններին է վերաբերում, ըստ բաժինների՝ 37 կետ է առանձնացված: Հոգեկան խանգարումներ, վիրաբուժական, նյարդային համակարգի հիվանդություններ ու վնասվածքներ, ցանկը բավական լայն է:
Սուրեն Նազինյան - Էստեղ նաև ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ են, ընդամենը` երկու կետով, աչքի ու նրա հիվանդությունների հավելումներ, պարզ է, կարծում եմ, բոլորին, որ տեսողական խնդիր ունեցող մարդու համար զենքի օգտագործումը հնարավոր է, որ անվտանգ չլինի, օրինակ, գլաուկոմայի դեպքում կամ ցանցաթաղանթի շերտազատման դեպքում` երկու աչքում:
Միջազգային մոտեցումներին համապատասխան օրենսդրություն ունենալը, Նազինյանի խոսքով, թույլ է տալիս ախտորոշումների հարցում ավելի հստակ լինել: Զենք կրելուն խոչընդոտող հիվանդությունների ստուգման համար քաղաքացին անցնում է անհրաժեշտ բժշկական զննությունները, բայց առաջնայինը սկսում այստեղից:
2021-ին կենտրոնը 3985 եզրակացություն է տվել՝ 29-ի մոտ հայտնաբերելով նարկոլոգիական կամ թմրաբանական որևէ հիվանդություն, 2022-ին տրված 3406 տեղեկանքից 22-ի դեպքում է հայտնաբերվել խոչընդոտ համարվող հիվանդություն: Այս տարվա սկզբից էլ մինչև մարտի 10-ը ներառյալ զենք կրելու թույլտվության հետևից կենտրոն է գնացել 468 քաղաքացի՝ նրանցից 11-ը հաշվառվել կախվածություն ունեցողների ցանկում: