Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Էրեբունի վարչական շրջանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցը: Ծրագրի արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է: Այն իրականացվում է Հայաստանի կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջոցներով:
Սիրանուշ Վարդանյան (Թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն) - Լիահույս ենք, որ սեպտեմբերին պիտի լինենք արդեն մեր դպրոցում, պատասխանատուները խոստացել են: Ե՛վ ուսուցիչները, և՛ աշակերտները, և՛ ծնողները, բոլորն անհամբեր սպասում են. երեք տարի և ավել այդ հույսերը, որոնք միշտ ունեցել ենք, որ պիտի ունենանք ժամանակակից և արդի տեխնիկայով հագեցված դպրոց, վերջապես իրականանալու են:
Երկու մասնաշենք ունեցող այս դպրոցը 1930-ականների կառույց է: Վերջին 90 տարում դպրոցում միայն կոսմետիկ վերանորոգումներ են եղել: Ճարտարապետները պահել են միայն շենքի ճակատային հատվածը, մնացածը կառուցվել է զրոյից: Ջրի, ջեռուցման, շենքային պայմանների բազմաթիվ խնդիրներ է ունեցել կրթօջախը, ֆիզկուլտուրայի մասնաշենքը նույնիսկ երրորդ կարգի վթարային է եղել, ինչի պատճառով երեք տարի դպրոցում այդ առարկան չի դասավանդվել:
Արման Ոսկանյան (տեխնիկական հսկիչ) - Համապատասխանում է ներկայիս սեյսմիկ պահանջներին: Դպրոցը եղել է երրորդ կարգի վթարային, դրա համար արդեն պարտադիր էր եղել դպրոցը քանդել, ապամոնտաժել և կառուցել նոր դպրոց: Մարդիկ տեսնելու են շատ գեղեցիկ, նորաոճ, նորակառույց դպրոց, շատ ճիշտ, ճարտարապետական գեղեցիկ լուծումներով, կարևորը՝ երեխաներն էլ, իրենց ծնողներն էլ շատ գոհ են լինելու:
Ժամանակակից ստանդարտներին համապատասխանող դպրոցն ունենալու է պարզ ու լուսավոր դասասենյակներ, վիտրաժային լուսամուտներ: Դպրոցը երկու մարզասրահ է ունենալու, մեկը` ներսում, մյուսը՝ բացօթյա: Ծրագրով նաև ամբողջությամբ մարզագույքն է փոխվելու, լինելու են նաև քիմիայի և ֆիզիկայի առանձին լաբորատորիաներ: Մեծ ուշադրություն է դարձվում կոնստրուկցիաների որակին, դրանք պարտադիր լաբորատոր փորձարկումներ են անցնում:
Հայկազունի Մելիքյան (աշխղեկ) - Ամենակարևորը աշխատանքների իրականացման որակն է: Ժամկետն ամառն է 2023 թվականի, իհարկե, պետք է աշխատենք և գործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի երեխաները սեպտեմբերին գնան դպրոց:
Մոտ 750 աշակերտ ունեցող դպրոցի անձնակազմն արդեն երեք տարի է` կրթական գործընթացը կազմակերպում է թիվ 49 հիմնական դպրոցում: Այստեղ երկու հերթով են դասերը: Կապալառու ընկերությունն, ըստ պայմանագրի, շինարարությունը պետք է ավարտեր 2022-ի սեպտեմբերին, բայց մի քանի անգամ տարբեր պատճառներով ժամկետը երկարացվել է: