Պեկինը համաձայնություն չի տվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցին: Չինական կողմը մտավախություն ունի, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն կհրապարակի ամերիկյան բանակի կողմից խոցված չինական հետախուզական օդապարիկի հետաքննության արդյունքները: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Բլինքենի այցը Չինաստան նախատեսված էր փետրվարին, սակայն Պետքարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ օդային տարածքում հայտնված չինական սարքի պատճառով հետաձգում է ուղևորությունը: «Այդ հետախուզական օդապարիկի առկայությունն ԱՄՆ օդային տարածքում մեր երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- ասել էր Բլինքենը։
Լրատվամիջոցները գրում են նաև, որ Չինաստանը չի ցանկանում ընդունել Բլինքենին, քանի որ վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը Կալիֆոռնիայում ընդունել է Թայվանի ղեկավարին, ինչից հետո ամերիկյան կողմը հայտարարել է Թայվանին զենք վաճառելու անհրաժեշտության մասին: Պեկինն անընդունելի է համարում, որ Վաշինգտոնը խախտում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը և աջակցում Թայվանի անկախությանը: