Շիրակի մարզում հղիներն այսուհետև կարող են անվճար ենթարկվել սքրինինգային հետազոտության «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորված Գյումրիի ծննդատանը: Ստուգվում է՝ արդյոք պտղի մոտ առկա՞ է քրոմոսոմային հիվանդության ռիսկ, թե՞ ոչ։
Նարինե Սերոբյան (բժիշկ-ռադիոլոգ) - Ուլտրաձայնային հետազոտության տվյալները ներբեռնվում են ծրագիր, որտեղ ներբեռվում են նաև արյան բիոքիմիկական տվյալները, և ամեն մեկի համար հաշվարվում է անհատական ռիսկ՝ արդյոք հղին ռիսկի խմբո՞ւմ է՝ պայմանավորված ժառանգական բնույթի հիվանդություններով, որոնցից ամենատարածվածը դաունի համախտանիշն է:
Ծրագիրն իրականացվում է Առողջապահության նախարարության և «Վիվա» բժշկական ընկերության գործակցությամբ: Մինչ այդ նմանատիպ հետազոտության համար հղիները ստիպված էին Շիրակից հասնել Երևան և վճարել։
Նարինե Սերոբյան - Առաջին սքրինինգը կատարվում է հղիության 11-13 շաբաթում: Գոյություն ունեն ստանդարտներ: Նայեք այս նկարի մեջ. մեզ հաջողվել է ստանալ պատկեր: Քթոսկրը, որը քրոմոսամային մարկեր է հանդիսանում, նույնը պարանոցը, էլի քրոմոսոմային մարկեր է, վերին ծնոտ, ստորին ծնոտ. ինչ որ պետք է այս պահին, ստացել ենք պրոյեկցիայի մեջ։ Այս պահանջները, որ պետք է համապատասխանեին, համապատասխանում են այս պահին, նրա համար կհաշվվեն անհատական ռիսկ։ Եթե չի հայտնվի ռիսկի խմբում, կտեղեկացնենք հղիին, որ բալիկը չի հայտնվել ռիսկի խմբում, և քրոմոսամոյին հիվանդությունը քիչ հավանական է:
Գյումրիի ծննդատան երեք բժիշկ վերապատրաստվել է Մոսկվայում։ Մեկ այլ ծրագրով հղիների սքրինինգ է իրականացվում Նորք-Մարաշ կենտրոնի բժիշկների հետ՝ ստուգելով պտղի սրտի հիվանդությունների ռիսկերը։ Շուտով Շիրակի մարզը կունենա նաև առաջին մամոգրաֆիկ սարքը:
Արմեն Իսահակյան («Գյումրի» ԲԿ տնօրեն) - Ամսի 10-ից կանանց կրծքի հետազոտություն էխոսկոպիայով և զուգահեռ՝ հստակեցնել մամոգրաֆիայի ցուցումը: Ամսի 2-ին մամոգրաֆը տեղ կհասնի, ճանապարհին է։
Ի դեպ, Գյումրիի ծննդատանը աճել է ծնունդների թիվը։
Արմեն Իսահակյան - Տարին կփակենք մինիմում 800 ծննդով: Միջինը ամսական 70 ծնունդ՝ նախկինի 19-ի համեմատ: Դա լավ ցուցանիշ է։
Արմեն Իսահակյանը ծնունդների շեշտակի ավելացումը պայմանավորում է ծննդատունը բժշկական կենտրոնին միավորելու գործընթացով: Օպտիմալացման արդյունքում պայմանները բարելավվել են, ձեռք են բերվել նոր ժամանակակից սարքավորումներ, ընդգրկվել են պրոֆեսիոնալ մասնագետներ:
Արմեն Իսահակյան - Միացման ժամանակ ունեցել ենք մոտ 130 մլն դրամ պարտք, որից 70-80 մլն աշխատավարձի պարտքն էր կազմում, 130 միլիոնից հարյուրն արդեն փակվել է։
Ներդրվում են նաև մարզում եզակի լապարասկոպիկ վիրահատությունների ծրագրեր, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում: