Հարգելի ուղևորներ, ողջունում ենք ձեզ մեր երթուղում, մաղթում ենք հաճելի ընթացք:
Երևանում 1 համարի երթուղու գործարկման առաջին օրն է: 12 մետրանոց «ՄԱՆ» մակնիշի 14 ավտոբուս կսապսարկի Աջափնյակ-Կենտրոն-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:
Կարեն Կիրակոսյան (վարորդ) - Մեքենաները գերմանական արտադրության են, հարմարեցված են հա՛մ վարորդին, հա՛մ ուղևորներին:
Այսօրվանից կվերականգնվի նաև Ավան վարչական շրջանից Էրեբունի վարչական շրջան երթուղով 58 համարի ավտոբուսի երթևեկությունը։ Պատասխանատուների խոսքով՝ երթուղայինները լինելու են մաքուր, երաժշտություն չի հնչելու, բոլոր վարորդները լինելու են համազգեստով: Բացի դրանից՝ «Ման» մակնիշի ավտոբուսի վարորդների աշխատավարձերը բարձրացվել են:
Հովհաննես Մանուկյան («Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն) - Ամսվա կտրվածքով իրենք ստանում են 550 հազար դրամ աշխատավարձ և ամսեկան 13-ից 14 օր են աշխատում, եթե մաքուր աշխատավարձի վերածենք 410 հազար դրամ է անում, եթե օրականի վերածենք՝ 29 հազար դրամ, այսինքն՝ շատ բարձր աշխատավարձ ենք մենք վճարում վարորդին:
Այսօրվանից փուլ առ փուլ նախաստեսվում է 12 մետրանոց 87 «Ման» և 8,6 մետրանոց 150 «Ժոնգտոնգ» մակնիշների ավտոբուս գիծ դուրս բերել: Զուգահեռ մտահոգություններ են հնչում, որ մեծ ավտոբուսները կնպաստեն խցանումների ավելացմանը:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - 12 մետրանոց. մի քիչ բան ա տպավորվել մեր քաղաքացիների մոտ, որ շատ մեծ ա, շատ երկար: Չէ, մենք էսօր ունենք 11 և 60՝ 11 մետր 60 սմ տրոլեյբուսներ, որոնք խցանման առիթ չեն հանդիսանում՝ որպես այդպիսին, էնպես որ՝ պետք չէ վախենալ:
Բացի դրանից՝ մայիսից նախատեսվում է ավտոբուսների համար առանձնացված գծեր ունենալ, ինչը ևս կնպաստի խցանումների նվազմանը. մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը համալիր լուծելու նպատակով սպասվող բարեփոխումները քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն է ներկայացնում:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Փոխարինելու ենք հին չինական ավտոբուսները էլեկտրաավտոբուսներով, 18 մետրանոց ավտոբուսներ ենք ներմուծելու, կառավարման համակարգ ենք ներդնելու, միասնական տոմսային համակարգ ենք սկսում արդեն ներդնել շուտով, և կարծում եմ՝ էս բոլոր փոփոխությունները մեր բոլորի աչքի առաջ են տեղի ունենալու, և որակը ծառայության պատշաճ է լինելու և երևանցիներին գոհացնող:
1 համարի մի քանի ավտոբուսում պիլոտային տարբերակով նաև միասնական տոմսային համակարգն է փորձարկվում. պատասխանատուների խոսքով՝ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում այն կներդրվի այս երթուղու բոլոր ավտոբուսներում. վճարման 4 տարբերակ է նախատեսված:
Սարգիս Մանուկյան («Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն) - Առաջինը՝QR կոդ կրիչներ, որը թղթային տարբերակով և բջջային հավելվածով հնարավորություն կտա ձեռք բերել և վալիդացնել այս վալիդատորի վրա: Մյուս տարբերակը, որ կլինի, «Մայֆեր» տոմսային կրիչներն են, որ, էսպես ասած, մշտական տոմսին են փոխարինելու, բազմակի օգտագործման են լինելու: Երրրոդ տարբերակը, որ կլինի, արդեն բանկային քարտերի միջոցով է, և, իհարկե, բոլոր այդ հնարավորությունները նաև բջջային հավելվածների միջոցով, այսինքն՝ վիրտուալացնելով այդ բոլոր երեք կրիչները:
Պիլոտային փուլը բարեհաջող ավարտելուց հետո բոլոր ավտոբուսները կհամալրվեն համապատասխան սարքավորումներով. քանի դեռ տոմսային համակարգն ամբողջությամբ չի ներդրվել, գումարով վճարելու տարբերակը կշարունակի գործել:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան