«Երեկ Հայաստանը նոր նշաձող սահմանեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների բացման արարողությունների համար. մինչ այս անցկացված որևէ առաջնություն չէր ունեցել նման շքեղ, մասշտաբային ու ներկայանալի մեկնարկ»,- Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Սա ոչ միայն կարևոր է հենց ծանրամարտ սպորտաձևի տարածման ու զարգացման, այլև մեզ համար Հայաստանը որպես սպորտային աշխարհի կենտրոն դիրքավորելու առումով։
Եվ ահա, Հայաստանը պետք է քաղի առավելագույնն այս համաեվրոպական միջոցառումից, ինչու ոչ՝ ցույց տա հաջորդ տարի աշխարհի ծանրամարտի առաջնությունը Երևանում անցկացնելու իր կարողությունները։ Բայց արի ու տես, որ մի հայ երիտասարդ, որ ինքն է հեղինակել ու կարել Ադրբեջանի դրոշը բռնող մոդելի` կրկին ադրբեջանական դրոշով զգեստը, որոշում է խափանել ողջ այս գործընթացը, գցել Հայաստանի միջազգային վարկը ու ձեռքի հետ էլ լավագույն նվերը մատուցում Ադրբեջանին. ամբողջ միջազգային մամուլը ողողված է այս միջադեպով։
Ի դեպ՝ այս ամենը հայրենասիրության քողի ներքո։
Բայց կա պարզ ճշմարտություն. հայրենասիրության ցանկացած դրսևորման վերջնարդյունքը հայրենիքիդ օգուտ տալն է, եթե հակառակն է տեղի ունենում, դա ունի բոլորովին այլ անուն, և արվում է բոլորովին այլ նպատակներով։
Թշնամու դրոշ վառելով ու քոնը թափահարելով, կենացներ ասելով, հայրենակիցներին անվանարկելով` հայրենիք չեն սիրում, պետություն չեն կառուցում, չեն հաղթում»,- գրել է նա։